Տրանսգենդերին ծանր մարմնական վնասվածք պատճառելու գործով մեղադրյալն ազատ է արձակվել

Օրեր առաջ տրանսգենդեր անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու գործով ձերբակալվածն ազատության մեջ է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը LGBTnews-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ քննիչի կողմից մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը ետ է պահանջել այդ միջնորդությունը:

Այսպիսով՝ այս պահի դրությամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28ին Մաշտոցի 14 հասցեում գտնվող բնակարաններից մեկում քաղաքացի է ծեծի ենթարկվել:

Ավելի ուշ պարզվել է, որ ծեծի ենթակվածը տրանսգենդեր անձ է՝ 1986 թվականին ծնված Է.Թ.-ն: Վերջինս դեպքից հետո տեղափոխվել էր «Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր», իսկ ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը՝ ձերբակալվել: 

Քրեական գործի շրջանակներում Է.Թ.-ն հարցաքննվել է և տուժողի կարգավիճակ ունի: