Տրանսգենդեր անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով քրգործ է հարուցվել

Փետրվարի 28-ին Մաշտոցի 14 հասցեում գտնվող բնակարաններից մեկում քաղաքացուն ծեծի ենթարկելու ահազանգի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Այս մասին LGBTnewsի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ այդ օրը Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ առավոտյան ժամը 05:19-ին տեղեկություն է ստացվել Մաշտոցի պողոտայի 14 շենքի բնակարաններից մեկում հրդեհի բռնկման մասին: Նույն բնակարանից մեկ անձ՝ 1986֊ին ծնված Է. Թ.-ը հոսպիտալացվել էր «Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր»: Ավելի ուշ պարզվել էր, որ հիվանդանոց տեղափոխվածը տրանսգենդեր կին է: LGBTnews-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը երեկ հայտնել էր, որ նույն օրը՝ վաղ առավոտյան, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վերոնշյալ բնակարանից վիճաբանության ձայներ են լսվում, և դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման էին ենթարկել 1991 թվականին ծնված մի քաղաքացու:

«Պարզվել է, որ շենքի բնակարաններից մեկում նշված անձնավորությունը վիճաբանել է քաղաքացի Է. Թի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով վնասվածք»,- մեզ հետ զրույցում ասել էր Էդգար Ջանոյանը:

Դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի հիման վրա, փաստորեն, արդեն քրեական գործ է հարուցվել:

Նշենք, որ Է.Թ-ի հետ վիճաբանած անձն արդեն ձերբակալվել է:

«Ձերբակալված քաղաքացին կասկածվում է որպես կին ներկայացած տղամարդու նկատմամբ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ»,- LGBTnews-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ «Մ. Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրը, ուր տեղափոխվել է Է.Թն, գործում է ԵՊԲՀի կազմում: Եվս մեկ անգամ կապ հաստատեցինք նաև համալսարանի լրատվական ծառայության հետ՝ պարզելու Է.Թ-ի առողջական վիճակը, և մեզ հայտնեցին, որ վերջինս դեռևս հիվանդանոցում է, վիճակը փոքր-ինչ բարելավվել է: Նշենք, որ տրանսգենդեր անձը հիվանդանոց էր տեղափոխվել կայուն ծանր վիճակում։