Տրանսգենդեր անձի հետ կապված դեպքը հետաքննվում է․ Ոստիկանություն

Այսօր առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:19-ին, տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 14 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը մեկուսացվել և մարվել է։

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1986 թ. ծնված Է. Թ.-ը հոսպիտալացվել է «Մ. Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,֊ ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։

Ավելի ուշ Epress.amը գրել է, որ հիվանդանոց տեղափոխվածը տրանսգենդեր կին է:

Դեպքի մանրամասները պարզելու համար LGBTnews-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության հետ, որտեղից հայտնեցին, որ վերոնշյալ հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վերոնշյալ բնակարանից վիճաբանության ձայներ են լսվում: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված մի քաղաքացի:

«Պարզվել է, որ շենքի բնակարաններից մեկում նշված անձնավորությունը վիճաբանել է քաղաքացի Է. Թ․-ի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով վնասվածք»,- մեզ հետ զրույցում ասաց Էդգար Ջանոյանը` նշելով նաև, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրասվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բնակարանում հրդեհի բռնկման պատճառների առնչությամբ Ոստիկանությունն այս պահին պաշտոնապես տվյալ չի հայտնում. այս առնչությամբ հետաքննություն է կատարվում, նշանակվել է համապատասխան փորձաքննություն և ճշտվում է վնասի չափը:

Նշենք, որ մեր տեղեկություններով` հրդեհի բռնկման հավանական վարկած է դիտարկվում վիճաբանության ժամանակ ծխախոտի հետ անզգույշ վարվելը:

Ոստիկանությունից տեղեկացանք նաև, որ բերման ենթարկված քաղաքացին այս պահին ազատության մեջ է, «քանի որ դեռևս հետաքննություն է ընթանում»։ 
 

LGBTnews-ը կապ հաստատեց նաև Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայության հետ` պարզելու համար, թե այս պահին ինչպիսին է տուժածի առողջական վիճակը: Հիշեցնենք, որ «Մ. Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրը, ուր տեղափոխվել է Է.Թ․-ն, գործում է ԵՊԲՀ-ի կազմում: 

Մեզ հայտնեցին, որ տուժածի մոտ արձանագրվել է գանգուղեղային վնասվածք, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր և նա այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։