Տրանսգենդեր մարդիկ Հայաստանում ավելի խոցելի են. Մամիկոն Հովսեփյան

Այսօր՝ նոյեմբերի 20-ը Տրանսգենդեր անձանց հիշատակի օրն է. ամբողջ աշխարհում մարդիկ հիշում են տրանսֆոբիայի զոհերին՝ նպատակ ունենալով հասարակությունների ուշադրությունը հրավիրելու տրանսգենդեր անձանց իրավունքների խնդիրներին: 

LGBTnews-ը Հայաստանում տրանսգենդեր անձանց իրավունքների մասին զրուցեց PINK Armenia հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի հետ: 

– Ինչպիսի՞ն է Հայաստանում տրանսգենդեր անձանց իրավունքների վիճակը: 

– Տրանսգենդերները Հայաստանում ավելի խոցելի են: Սեռական կողմնորոշումը ոչ միշտ, բայց երբեմն հնարավոր է լինում թաքցնել, բայց գենդերային ինքնությունը թաքցնելը շատ ավելի դժվար է, որովհետև գենդերային ինքնությունը, գենդերային արտահայտությունն ավելի տեսանելի է, քան կողմնորոշումը: Այս պարագայում գործատուն ավելի հակված է անձին չընդունել աշխատանքի, կամ երբ ընտանիքը տեսնում է, որ իրենց երեխայի արտաքինը իրենց պատկերացրած ստանդարտներին չի համապատասխանում, բռնությունն ավելի շատ է լինում, դպրոցներում ևս ճնշումներն ավելի շատ են: Այս պայմաններում մարդիկ իրենց ինքնությունն արտահայտելու խնդիր են ունենում: Բացի այդ՝ նրանց մի մասը տրանսսեքուալ է և սեռափոխություն է ուզում կատարել, իսկ Հայաստանում չկան օրենքներ՝ այդ գործընթացը կազմակերպելու համար: Այսինքն՝ նրանք սեռափոխության համար Հայաստանում չեն կարողանում լեգալ վիրահատվել, անձնագրում սեռը, անունը փոխելու խնդիրներ կան, և բազմաթիվ այլ հարցեր: 

– Այսինքն՝ նկատի ունեք, որ լեսբիների, գեյերի ու բիսեքսուալների համեմատ Հայաստանում տրանսգենդերների վիճակը ավելի վա՞տ է: 

– Այո՛, նրանք ավելի խոցելի են: Օրինակ՝ երբ մարդու արտաքինից զգում են տարբերությունը, այսինքն՝ տեսանելի է լինում, որ իգական արտաքինով արական սեռի ներկայացուցիչ է կամ արական արտաքինով իգական սեռի ներկայացուցիչ, նույնիսկ փողոց դուրս գալը խնդիր է դառնում: Եղել են փողոցում անցորդների կողմից ծեծի դեպքեր, եղել են տարբեր հաստատություններից նրանց դուրս հրավիրելու կամ ընդհանրապես ներս չթողնելու դեպքեր, իսկ աշխատանքի ընդունվելն արդեն այնքան մեծ խնդիր է դարձել, որ շատերը ստիպված են երկրից հեռանալ կամ իրենց ինքնությունը ճնշել ու խաբեության մեջ ապրել, ինչը շատ դժվար է ստացվում: 

– Ինչպե՞ս բարելավել իրավիճակը: 

– Նախ հասարակության մոտեցումն է կարևոր. պետք է աշխատել մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ, փորձել վերացնել խտրականությունն աշխատանքի ընդունելիս, այսինքն` դիտարկել մարդու մասնագիտական կարողություններն, այլ ոչ թե արտաքինը: Փոփոխություններ են պետք նաև առողջապահական համակարգում, որպեսզի լինեն գենդերային ինքնության ու սեռափոխության վիրահատության վերաբերյալ օրենքներ ու որոշումներ: Հատկանշական է, որ սեռափոխության վիրահատություններ Հայաստանում անօրիանական կերպով արվում են, բայց եթե Առողջապահության նախարարությանը հարցնեք, ինչը մենք արել ենք, ապա կասեն, որ Հայաստանում այդպիսի ոչ մի վիրահատություն չի եղել: Այդ վիրահատությունը Հայաստանում արվում է ու չի գրանցվում, և այդ հանգամանքը խոցելի է դարձնում դրան դիմած անձանց առողջությունը, քանի որ նրանց հետվիրահատական գործընթացները պատշաճ կերպով չեն վերահսկվում: Այսինքն`օրենքների բացակայությունը մարդկանց էլ ավելի խոցելի է դարձնում: