Փաշինյանը բառերի ընտրության հարցում պետք է ավելի ողջամիտ լիներ․ Բորիս Նավասարդյան

«Չեմ կարծում, որ ոստիկանապետը պետք է որոշի, թե ինչ միջոցառումներ անցկացվեն Հայաստանում»,- LGBTnewsհետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հայտարարությանն այն մասին, որ ինքը նպատահարմար չի գտնում ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի անցկացումը Հայաստանի տարածքում, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի առնչությամբ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում չի անցկացվելու, որովհետև այս պահին նպատակահարմար չէ, ինքը նպատակահարմար չի գտնում, որ անցկացվի:

Տեղեկությանը, թե ինչ խոսակցություն է եղել ֆորումի կազմակերպիչների և ոստիկանության միջև, Նավասարդանը չի տիրապետում, բայց կարծում է, որ եթե ֆորումը չեղարկելու որոշումը պարտադրվել է կազմակերպիչներին և եթե այդ պարտադրանքը եկել է իրավապահ համակարգից, ապա դա հավաքների ազատության սկզբունքի խախտում է:

Ինչ վերաբերում է անվտանգության ապահովման հարցին, Նավասարդյանն այս առնչությամբ դիրքորոշում հայտնեց, որ ոստիկանությունը ցանկացած պարագայում պետք է կարողանա ապահովել կարգուկանոնը երկրում:

«Ոստիկանության կողմից անվտանգության ապահովման երաշխիքների բացակայությունը չի կարող որևէ միջոցառում չանցկացնելու պատճառ լինել: Այդ երաշխիքներն ապահովելը ոստիկանության պարտականությունն է: Այլ հարց է, եթե կազմակերպիչներին ներկայացրած լինեին, թե ինչպիսի հնարավոր խոչընդոտներ և վտանգներ կան ֆորումի անցկացման համար, և կազմակերպիչներն իրենք գտնեին, որ նպատակահարմար չէ այն անցկացնելը»,- նշեց Բորիս Նավասարդյանը:

Վերջերս ԼԳԲՏ թեման դարձյալ հայտնվել է ուշադրության կենտրոնում, և դա անհետևանք չի մնում ԼԳԲՏ անձանց և ակտիվիստների համար: Նրանց հասեցին սպառնալիքներ են հնչեցվում, ոմանք հետապնդում են, կա նաև ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպք Սյունիքի մարզի Շուռնուխ համայքնում:

Բորիս Նավասարդյանի խոսքով, այս իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում թեև որոշակիորեն կոտրվում են կարծրատիպերը, սակայն դեռևս բավականին խորն են որոշ ստիգմաներ: Ըստ Նավասարդյանի՝ բավական մակարդակի լուսավորչական ու բացատրական աշխատանք չի իրականացվում, ինչի պատճառվ ունենում ենք նման դրսևրումներ:

«Ես, իհարկե, կարծում եմ, որ հասարակությունում առկա մշակույթի հետ նույնպես անհրաժեշտ է հաշվի նստել, բայց դա չպետք է լինի մարդու հիմնարար իրավունքների խախտման գնով»,- ասաց Նավասարդյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը՝ կապված ԼԳԲՏ մարդկանց խնդիրների հետ՝ Նավասարդյանը նշեց, որ ինքը զարմացած է այն հանգամանքից, որ այդ հայտարարությունը բացասական է ընկալվել որոշ շրջանակների կողմից:

«Նիկոլ Փաշինյանն ադեկվատ ներկայացրեց խնդիրները: Նա իրատեսորեն է ամեն ինչին վերաբերվում, չի ցանկանում աչք փակել խնդիրների վրա ու դրանց անդրադառնում է՝ ելնելով առկա իրավիճակից: Բոլորը պետք է կարողանան առերեսվել իրողությունների հետ՝ բնականաբար փորձելով դրանց լուծումներ տալ»,- նշեց Նավասարդյանը:

Վերջինս, սակայն, կարծում է, որ ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խնդիրները գլխացավանք անվանելիս՝ Փաշինյանը պետք է ավելի ողջամիտ գտնվեր:

«Բայց մենք նաև պիտի ճանաչենք վարչապետին. ինքն անկեղծ է խոսում բոլոր դեպքերում, և եթե նրան իրոք մտահոգում է մի խնդիր, որի լուծումը չի գտնում, կարող է դրա մասին խոսել: Այնուամենայնիվ, միգուցե հաշվի առնելով, որ հրապարակային ելույթ է ունենում, իրեն հետևում են բոլորը, այդ թվում՝ մարդիկ, որոնք կարող էին վիրավորվել իր խոսքից, պետք է բառերի ընտության հարցում ավելի ողջամիտ լիներ»,- ասաց Բորիս Նավասարդյանը։