Փաստաբանների պալատը «համասեռամոլ» բառը ոչ թե վիրավորանք, այլ կարծիքի արտահայտում է համարում

Ինչպես LGBTnews-ը նշել էր ավելի վաղ, քաղաքացիներ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհաննես Մկրտչյանը դիմել էին «Փաստաբանների պալատ» ընդդեմ «Իրավունք» թերթի իրենց հայցադիմումի վերաբերյալ գործով պատասխանող կողմի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: 

 

Հիշեցնենք,  որ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհաննես Մկրտչյանն ընդդեմ «Իրավունք» թերթի դատական հայց են ներկայացրել այն բանի համար, որ թերթն իր էլեկտրոնային կայքում հրապարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» և դրան հաջորդած մի քանի այլ հոդվածներ: Քաղաքացիները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, զրպարտելու համար և փոխհատուցել 3 մլն դրամ: Գործի շրջանակներում «Իրավունք» թերթի շահերը ներկայացնում է փաստաբան Լևոն Բաղդասարյանը: 

 

Փաստաբանների պալատ դիմում ներկայացնելու համար պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Բաղդասարյանը դատական նիստի ժամանակ իր խոսքում ասել է՝ «համասեռամոլների հայցապահանջները բողոքարկվել են դատարան», և անգամ այն բանից հետո, երբ հայցվորների փաստաբան Մարո Խաչատուրյանը բարձրաձայնել է այն մասին, որ Լևոն Բաղդասարյանը, մոռանալով իր կարգավիճակը, խախտում է ատելության կոչի արգելքը և էթիկայի կանոններն՝ օգտագործելով «համասեռամոլ» բառն այն դեպքում, երբ իրենց կողմից ներկայացված հայցադիմումում և կից ներկայացված փաստաթղթերում այդ բառը գնահատվում է որպես ատելության խոսք, իսկ միջազգային փաստաթղթերում ընդունված է օգտագործել «նույնասեական» բառը, Բաղդասարյանը շարունակել է պնդել իր խոսքը: 

 

«Ուրեմն, ինձ համար «համասեռամոլ» բառը «համասեռամոլ» բառ է, ես համասեռամոլ ասելիս երբեք չեմ մտածում, թե ատելություն եմ հրահրում, համասեռամոլների հաջորդ տարբերակը «գալուբոյ» բառն է»,- դատական նիստի ժամանակ արձագանքել էր Բաղդասարյանը:  

 

Փաստաբանների պալատը, սակայն, վերը նշված հանգամանքը Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք չի ընդունել և մերժել է վարույթի հարուցումը: Պալատի նախագահի եզրակացությունում նշված է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք է «Փաստաբանության մասին ՀՀ օրենքի դրույթների խախտման հատկանիշների առերևութ առկայությունը», որը, փատորեն, պալատը դիմումում առկա մեջբերումներում չի տեսել: 

 

Պալատի նախագահը եզրակացության մեջ հղում է կատարել ՀՀ Սահմանդրության 27-րդ հոդվածին, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից», ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածին, համաձայն որի՝ «Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով»: 

 

«Դիմումում նշված մեջբերումներից հետևում է, որ փաստաբան Լևոն Բաղդասարյանն արտահայտել է իր կարծիքը՝ «նույնասեռական» բառի փոխարեն «համասեռամոլ» բառն օգտագործելու վերաբերյալ»,- եզրակացրել է պալատի նախագահն, ով կարծիք է համարել նաև Բաղդասարյանի խոսքն այն մասին, թե «իր համար «համասեռամոլ» բառը «համասեռամոլ» բառ է, և ինքը դրանով ատելություն չի տարածում, իսկ դրա հաջորդ բառը «գալուբոյ» բառն է»: 

 

«Կարծիք արտահայտելու ազատությունը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության կարևորագույն պայման է, քանի որ դրա հիմքում ընկած է անհատի ինքնիրացման գաղափարը: Կարծիքն արտահայտում է անհատի պատկերացումները որոշակի փաստի կամ իրադարձության վերաբերյալ: … Այլ կերպ ասած՝ կարծիքի միջոցով ոչ թե արտահայտվում է որոշակի երևույթի նկատմամբ օբյեկտիվ իրականությունն, այլ սուբյեկտի ընկալումը»,- ասված է պալատի կողմից արված եզրակացության մեջ: 

 

Հատկանշական է, որ Պալատը եզրակացության մեջ հղում է կատարել նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի մեկ այլ դրույթի ևս, համաձայն որի` «Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար»: 

 

Պալատի նախագահը նշել է, թե փաստաբանների կողմից կարծիք արտահայտելու իրենց իրավունքից օգտվելու համար նրանց նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելը կարող է վտանգավոր նախադեպ լինել: 

 

Եզրակացության մեջ նշված է նաև, որ դիմումը մերժելիս հաշվի են առնվել նաև այն հանգամանքները, որ փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտնել է, որ ինքն ատելություն տարածելու միտում չի ունեցել, դատարանից Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմում նույնպես չի ստացվել, և, հետևաբար, դատարանը Բաղդասարյանի կողմից մյուս կողմին վիրավորելու միտում չի արձանագրել: Եզրակացության մեջ ասված է նաև, որ «համասեռամոլ» բառն օգտագործվում է նաև ՀՀ նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ Կառավարության կողմից կայացված որոշումներից մեկում: