Փոփոխությունների սպասումով․ ԼԳԲՏԻ մարդիկ՝ իրավիճակի մասին

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության համար, նրանց նկատմամբ հոմոֆոբիայի դրսևորումների դեմ տարիներ շարունակ պայքարող մարդիկ Հայաստանում ստեղծված նոր պայմաններում ակնկալում են, որ սերն ու համերաշխությունը դրական ազդեցություն կունենան նաև ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցում:

Էլվիրա Մելիքսեթյանը LGBTnews-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված պայմաններում թեև չի ակնկալում, որ փոփոխությունները պիտի անմիջապես լինեն, այնուամենայնիվ նոր իշխանության հետ կապված հույսեր կան:

«Բավականին դժվար գործընթացի մեջ ենք գտնվում, և միանգամից շատ մեծ ակնկալիքներ ունենալը երևի միամտություն կլինի»,- նշեց Էլվիրան:

Նա, սակայն, նկատեց, որ Հայաստանում ձևավորված նոր կառավարության շրջանում կան մարդիկ, որոնք բավականին դրական վերաբերմունք ունեն ԼԳԲՏԻ անձանց հանդեպ:

«Ես լիահույս եմ, որ այդ մարդիկ կկարողանան ընդհանուր համերաշխության մթնոլորտ ստեղծել և ներառական լինել տարբեր խմբերի, այդ թվում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ»,- ասաց Մելիքսեթյանը:

Ակտիվիստը հիշեցրեց, որ կոչերը, որոնք հնչել են վերջին քաղաքական գործընթացի ժամանակ, խաղաղության, համերաշխության, սիրո, փոխընբռնման կոչեր են, որոնց շնորհիվ ինքը ևս իրեն տեսել է պայքարող անձանց շարքերում:

Ամենամեծ ակնկալիքը, որ Էլվիրան ունի նոր իշխանությունից, ԼԳԲՏԻ իրավունքների ոլորտին առնչվող իրական խնդիրների կարգավորումն է:

«Մենք գիտենք, որ ԼԳԲՏԻ մարդկանց հետ կապված իրավական բացերը շատ են, և դա միտումնավոր է արվել: Դիտավորյալ բացասական տրամադրություններ են ստեղծվել ԼԳԲՏԻ մարդկանց շուրջ: Այս նոր կառավարության պարտավորությունն է ապահովել, որ ցանկացած քաղաքացի իրեն պաշտպանված զգա: Ես ուզում եմ վստահ լինել, որ նորաստեղծ իշխանությունը նախկին իշխանության գործելաոճը չի դրսևորի, իսկ հասարակական կարծիքի հետ աշխատանքը երևի ամեն մեկիս, յուրաքանչյուրիս առօրեական գործն է»,- նշեց Էլվիրա Մելիքսեթյանը:

Նա անդրադարձավ նաև նոր կառավարությունում իրեն մտահոգող մի խնդրի. Արծվիկ Մինասյանն, ով հայտնի է ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ իր ակնհայտ բացասական վերաբերմունքով, նոր կառավարության կազմում է:

«Այս հանգամանքն ինձ համար կարծես ուղերձ լինի որպես ակտիվիստի ու ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցչի: Այդ նշանակումն ինձ համար զգուշացնող, գուցե վախեցնող է, որովհետև Արծվիկ Մինասյանի կենսագրությունն ու հանրայնորեն արտահայտած դիրքորոշումը ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ, գործողությունները, DIV ակումբը պայթեցրած անձանց արդարացնող գործելաոճը, ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ ատելության կոչերն ու ֆաշիստական միտումներն ավելի քան խոսուն են: Մինասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակումն ինձ լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- ասաց Մելիքսեթյանը:

Մինասյանի նշանակումը, Մելիքսեթյանի կարծիքով, քաղաքական ու ռազմավարական առումով նոր իշխանության կողմից սխալ քայլ է, քանի որ բացահայտ հոմոֆոբ մարդկանց չպետք է թույլ տալ իշխանության գալ:

Էլվիրան, այնուամենայնիվ, հակված չէ մտածել, որ նոր իշխանությունը հոմոբոֆ դրսևորումներ ունենալու պատճառով է, որ Արծվիկ Մինասյանին նախարար է նշանակել, նա այդ նշանակումն ընդամենը համարում է բացթողում ու սխալ:

«Ես հուսով եմ, որ դրական փոփոխություններ կտեսնենք, բայց նաև աչալուրջ եմ լինելու, որ նախկին իշխանության սխալները չկրկնվեն. մենք իրավունք չունենք նույն ձևով շարունակելու»,- մեզ հետ զրույցում խոսքն ամփոփեց Էլվիրա Մելիքսեթյանը:

Ռոմիկ Դանիալը մեզ հետ զրույցում փաստեց, որ Հայաստանում այժմ դրական իրավիճակ ու մթնոլորտ է տիրում:

«Ամեն ինչ նախկինի պես չէ և չի էլ կարող լինել. նախկին իշխանության ճնշումներն այլ էին»,- ասաց Ռոմիկն ու նշեց, որ երբ կան հասարակական պրոբլեմներ՝ ռեպրեսիվ իշխանությունները դրանք հաճախ բարդում են տարբեր խմբերի, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների վրա։

Այդ երևույթն, ըստ Ռոմիկի, միշտ է եղել, երբ պետության մեջ որևէ խնդիր նույնականացվել է, օրինակ, ԼԳԲՏԻ անձանց ներկայության կամ այլ մտացածին հանգամանքների հետ:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում այս պահին շատ բան է փոխվել: Մարդիկ պոզիտիվ են ու հակված նոր բան ստեղծելու: Շատ լավ և մեծ զգացմունք է, երբ մարդիկ զգում են, որ պետությունն իրենց է պատկանում: Երբ դու փողոցում քայլում ես՝ մարդկանց դեմքից ու պահվածքից ակնհայտ է, որ նրանց զգում են, որ ոչ թե ուրիշի մոտ վարձով են ապրում, այլ այս ամենն իրենցն է»,- ասաց Ռոմիկն ու կարծիք հայտնեց, որ այսուհետ ատելությունն ավելի քիչ է լինելու:

Ռոմիկը, սակայն, գիտակցում է նաև, որ գուցե Հայաստանում տիրող այսքան դրական մթնոլորտը ժամանակավոր է․ իրավիճակը սթափ գնահատել հնարավոր կլինի միայն ամիսներ անց:

«Ինձ թվում է, որ մարդիկ դեռևս ուրախության ալիքի վրա են: Այս նոր պետության հետ ամեն ինչը նոր է սկսվել: Մենք հիմա մտածում ենք՝ ինչ լավ է, որ այսինչ նախարարը ժողովրդի կողմից է, այնինչ պաշտոնյան մարդկանց հետ է, բայց իրականում հիմա հնարավոր չէ սթափ դատել: Երբ նոր կառավարությունը որոշ ժամանակ կաշխատի՝ այդ ժամանակ պարզ կլինի, թե որդեգրած քաղաքականությունն ինչպես է ազդում ԼԳԲՏԻ անձանց ու նրանց խնդիրների վրա»,- ասաց Ռոմիկն ու նաև շեշտեց, որ Հայաստանում տարիներ շարունակ կուտակված հարցերը կարճ ժամանակահատվածում չեն լուծվի:

Ռիմ Սարդարյանը մեզ հետ զրույցում կարևորագույն ձեռբերում համարեց այն, որ այս պահին ՀՀ վարչապետի և իր քաղաքական թիմի համար սկզբունքային և հիմնարար դեր ունեն մարդու իրավունքները, դրանց հավասար իրացման հնարավորությունները բոլորի կողմից՝ առանց որևէ բացառության կամ սահմանափակման, ինչպես նաև օրենքի և իրավահավասարության ապահովման սկզբունքները:

«Այս ամենը հույս են ներշնչում, որ թե՛ ԼԳԲՏԻՔ+ անձանց, և թե՛ բոլոր այլ խոցելի խմբերի համար ապագան ավելի լավը կարող է լինել»,- ասաց Սարդարյանը և միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ հասարակության գիտակցության ու կարծիքի մեջ փոփոխությունները մեկ օրում կամ մեկ ամսում չեն լինում:

«Այս ամբողջ հեղափոխական ժամանակաշրջանում ինձ հետապնդում էր այն միտքը, որ վաղը հնարավոր է՝ հրապարակում հավաքված մարդկանց մի մասը ոտքի ելնեն իմ և իմ ընկերների դեմ, սակայն հույսը, որ ամեն ինչ դեռ կորած չէ, ոչ մի վայրկյան կանգ առնելու հնարավորություն չէր տալիս: Ես նաև այս ամբողջ ընթացքում չէի դադարում հիանալ ԼԳԲՏԻՔ+ համայնքի ներկայացուցիչների ակտիվությամբ ու ներգրավվածության ծավալներով՝ սկսած առաջին իսկ օրվանից, առաջին իսկ փողոցի փակումից մինչև վարչապետի ընտրության որոշման կայացումը»,նշեց Սարդարյանը:

Վերջինս կարծում է, որ այդ օրերին բարդ էր հատկապես ԼԲՔ+ կանանց պայքարը:

«Մենք պայքարում էինք միաժամանակ մի քանի ճակատովգործող ռեժիմի դեմ, հայրիշխանական համակարգի ներկայացուցիչների կողքին մեր տարածքը գրավելու և հոմոֆոբ հասարակությունում մեր ինքնություններն առանց թաքցնելու ու հավասար իրավունքներն իրացնելու համար: Այդ իսկ պատճառով հատկապես հպարտ եմ, որ սիրո և համերաշխության հեղափոխության հաջողության մեջ իր անփոխարինելի ներդրումն են ունեցել ԼԲՔ+ կանանց համառության ու կամքի ուժի բարձրագույն դրսևորումները: Հույս ունեմ այսուհետ Հայաստանի Հանրապետությունը կսկսի շարժվել ատելությունից դեպի ազատ և իրավահավասար երկիր»,- ասաց Ռիմ Սարդարյանը: