Քաղաքապետարանը Հայաստանում երջանկության, մարդու իրավունքների քարոզն ապօրինի է համարել․ Մամիկոն Հովսեփյան

Երևանի քաղաքապետարանի կողմից ԼԳԲՏԻ թեմատիկ գովազդային պաստառների ապամոնտաժումը վկայում է այն մասին, որ ըստ քաղաքապետարանի՝ Հայաստանում երջանկության և հանդուրժողականության քարոզն ապօրինի է: Քաղաքապետարանի գործողություններից ու դրանց վերաբերյալ ոչ լիարժեք պարզաբանումից նման եզրահանգման է եկել Pink Armenia հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտակայքում, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ի պատվերով` 24.05.2017թ. մասնավոր գովազդային կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա, տեղադրվել էին ԼԳԲՏԻ թեմատիկ սոցիալական պաստառներ։

Պայմանագրի համաձայն՝ դրանք պետք է վահանակների վրա փակցված մնային մինչև սույն թվականի հունիսի 24-ը:

Պաստառների հրապարակումից 2 օր անց՝ մայիսի 27-ին, դրանք հեռացվել են գովազդները տեղադրող կազմակերպության կողմից` առանց PINK-ին տեղյակ պահելու։ Պաստառների հեռացումից մի քանի ժամ անց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ գրառումը. «Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել է 3 գովազդային պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ… Անկախ գովազդի բովանդակությունից՝ այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»:

«Մենք այս պաստառներով ուզում ենք ասել, որ ցանկացած ոք, անկախ իր սոցիալական ստատուսից, ուզում է երջանիկ լինել, որ ԼԳԲՏ անձինք ամեն ոլորտում ու ամենուր կան, իսկ շեշտը դրվել էր նաև տրանս անձանց վրա, քանի որ նրանց նկատմամբ բռնությունը հատկապես շատ է»,- «Մեդիա կենտրոն»-ում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ պաստառների բովանդակությունը բացատրեց Մամիկոն Հովսեփյանը:

Ըստ Հովսեփյանի՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ վախի և ատելության այս  մթնոլորտը ձևավորվում է ինֆորմացիայի բացակայության ֆոնին:

«Մեդիան կառավարվող է, իսկ կրթական համակարգը չի տալիս այնպիսի գիտելիք, որ մարդիկ հնարավորություն ունենան ինֆորմացիա ստանալու և վերլուծելու: Այսինքն՝ մենք կաղապարված ենք այն ինֆորմացիայով, որը մեզ չոր մատուցում են»,- ասաց Մամիկոն Հովսեփյանը:

Բանախոսն ընդգծեց, որ պրոպագանդայի ազդեցությամբ սեռականության փոփոխությունն անհնար է։ 

«Դու կարող ես հարգանք, հանդուրժողականություն, հավասարություն պրոպագանդել, բայց ո՛չ սեռականություն. սև աչքերով մարդը եթե երկար նայի կապույտ աչքերով մարդուն՝ դրանից նրա աչքերի գույնը չեն դառնա կապույտ»,- օրինակ բերեց Հովսեփյանը:

Pink Armenia-ի գործադիր տնօրենի խոսքով՝ գովազդային պաստառների տեղադրումից հետո իրենք հետևել են անցորդների արձագանքին, որոնք կամ կարդացել ու անցել են կամ առհասարակ չեն նկատել պաստառները: Որևէ ագրեսիա անցորդների կողմից չի եղել, և եթե հիմնականում Ռուսաստանից ուղղորդվող խմբերը սոցիալական մեդիայով ամեն անգամ գործի չանցնեն՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցը այսքան սուր բանավեճերի առիթ չի դառնա։

Հովսեփյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ պաստառների ապամոնտաժման վերաբերյալ «պարզաբանում» տված պաշտոնյան՝ Արազ Բաղդասարյանը սոցցանցում զետեղված իր գրառման մեջ օգտատերերին հորդորել էր այլևս  չարձագանքել խնդրին, որ պաստառները լրացուցիչ չգովազդվեն։

«Այսինքն՝ նրանք չեն ցանկանում, որ երջանկություն, հավասարություն տարածող պաստառները գովազդվեն»,- եզրակացնում է  Մամիկոն Հովսեփյանը:

Pink Armenia-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը վստահ է, որ խնդիրը ոչ թե պաստառների տեղադրման թույլտվության բացակայությունն է, այլ դրանց բովանդակությունը:

«Եթե նույնիսկ գովադզի տեղադրման հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, դա քաղաքապետարանին թույլ չի տալիս խախտել խոսքի ազատության մեր իրավունքը: Սրանում խտրականություն կա»,- ընդգծեց նա։

Պետրոսյանը նշեց, որ քաղաքապետարանը վերահսկողություն է իրականացնում գովազդների բովանդակությունն օրենքին համապատասխան լինելու հանգամանքին:

«Իսկ այս դեպքում, երբ բավանադակային առումով ապօրինություն չկար, քաղաքապետարանը պետք է ճկուն գտնվեր։ Մարդու իրավունքները պետք է գերակա համարվեին, այլ ոչ թե իրենք իրենց քայլերով հակասեին մարդու իրավունքների գերակայության սկզբունքին»,- ասաց Պետրոսյանն ու կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանը պետք է  ցույց տա, որ բոլոր դեպքերում, երբ գովադզի թույլտվությունը չի լինում, իրենք ապամոնտաժում են գովազդային վահանակները:

«Մենք տեղյակ չենք եղել,  որ գովազդային գործակալությունը հաստատման չի ուղարկել գովազդները, իսկ գործակալությունն իր՝ տարիներ շարունակ կիրառվող պրակտիկայով է առաջնորդվել»,- վստահ է Հասմիկ Պետրոսյանը:

Իրավաբանը նշեց, որ իրենք պատրաստվում են վիճարկել քաղաքապետարանի որոշումն ու անել ամեն ինչ, որ այդ պաստառները նորից հայտնվեն գովազահին վահանակների վրա:

«Սա իշխանությունների վերաբերմունքն է մարդու իրավունքների նկատմամբ. մարդու իրավունքներն իրենց համար ձևականություն է ընդամենը: Հանդուրժողականության քարոզը նախ և առաջ պետության գործառույթն է, և ստացվում է, որ պետությունը ոչ միայն  չի կատարել իր պարտականությունը, այլ նաև մյուսներին է զրկում դա անելու իրավունքից»,- նշեց Հասմիկ Պետրոսյանը:

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը նշեց, որ իրենք քաղաքապետարանի հետագա բացատրություններին կսպասեն, բայց քիչ հավանական համարեց այս փուլում ԱԺ-ում կամ Երևանի ավագանու շրջանակներում իրենց կողմից հարցի վերաբերյալ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունը։

«Որևէ օրենսդրական նախաձեռնություն տեղին չէ ԱԺ-ում կամ քաղաքապետարանում, քանի որ հասարակությունը պատրաստ չէ. առաջին բանը, որ պետք է անել, նման քննարկումների կազմակերպումն ու քննարկումներին մասնակցելը, դիրքորոշում հայտնելն է, և մենք քայլ առ քայլ կգանք մի իրավիճակի, երբ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար հնարավորություն կունենան: Այս պահի դրությամբ մեզ մոտ նմանատիպ քննարկում չի եղել, և չեմ էլ կարծում, որ նմանատիպ ինչ-որ բան կլինի մոտ ապագայում։ Եթե առաջարկ լինի՝ կքննարկվի»,- ասաց Ավինյանը՝ միաժամանակ շեշտելով, որ մարդն ու վերջինիս իրավունքներն իրենք համար բարձրագույն արժեք են:

«Մեդիա կենտրոն»-ը հարցի քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկել  նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությանը, ինչպես նաև ներկայացուցչի՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից, բայց թե՛ ՀՀԿ-ից, թե՛ քաղաքապետարանից քննարկմանը ներկայացուցիչ չէր եկել: 

Pink Armenia-ն այսօր նաև հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Երևանի քաղաքապետարանի գործունեությունը գնահատում ենք որպես կամայականություն, որով վերջինս ոտնահարել է կազմակերպության և ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքը, դրսևորել է խտրական վերաբերմունք` պայմանավորված պաստառների բովանդակությամբ: Այսպիսով քաղաքապետարանը նպաստել է Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության հետագա առավել վտանգավոր դրսևորումներին: Կազմակերպությունը դիմել է Երևանի քաղաքապետարան` պաստառների հեռացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու, դրա հիմքում դրված որոշման (եթե այդպիսի առկա է) իրավաչափությունը վիճարկելու և նշյալ պաստառները վերականգնելու նպատակով»։ 

Լուսանկարը՝ Մեդիակենտրոնի։