Քաղաքապետարանն ապամոնտաժել է ԼԳԲՏԻ բովանդակությամբ սոցիալական պաստառները

Երևանում տեղադրված՝ ԼԳԲՏԻ բովանդակությամբ սոցիալական պաստառներն ապամոնտաժվել են: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի՝ արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: 

«Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել են 3 գովազդային պաստառներ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ… Անկախ գովազդի բովանդակությունից՝ այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»- սոցցանցի իր էջում գրել է պաշտոնյան: 

Pink Armenia-ն իր հերթին Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է թողել այն մասին, որ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հ/կ-ն ունի կնքված պայմանագիր սույն գովազդները քաղաքում տեղադրելու համար։ Պաստառների հեռացման վերաբերյալ ճշտումներ կատարելուց հետո կհրապարակենք մանրամասները և մեր դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ «ԼԳԲՏԻ սոլիդարության ցանց Հայաստանում և Վրաստանում» եռամյա ծրագրի շրջանակներում Pink Armenia-ն սոցիալական արշավ է նախաձեռնել Երևանում՝ պաստառների տեղադրում պատվիրելով քաղաքում:

«Տրանս անձինք մեր հասարակության մասն են», «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր», «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն. ուրեմն մաղթի՛ր մեզ երջանկություն» ուղերձներով պատկերազարդ պաստառները Երևանի կենտրոնում տեղակայված վահանակների վրա հայտնվեցին մայիսի 25-ին և փակցված մնացին, փաստորեն, երկու օր: