Քամինգ աութն ազդեցիկ միջոց է հոմոֆոբիայի դեմ պայքարում․ Մամիկոն Հովսեփյան

Հոկտեմբերի 11-ը քամինգ աութի միջազգային օրն է: Հայաստանում վերջերս նկարահանված՝ ԼԳԲՏԻ մարդկանց մասին պատմող «Լսի՛ր ինձ» ֆիլմը քամինգ աութի վառ օրինակներից է: LGBTnews-ը ֆիլմի և Քամինգ աութի միջազգային օրվա մասին զրուցել է Pink Armenia-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի հետ: 

֊ Մամիկո՛ն, «Լսի՛ր ինձ» ֆիլմում նկարահանված մարդիկ տեսախցիկի առաջ ըստ էության քամինգ աութ են անում՝ պատմելով իրենց պատմությունները։ ԼԳԲՏԻ մարդկանց քամինգ աութը կարո՞ղ է փոխել հասարակության ընկալումներն ու վերաբերմունքը համայնքի հանդեպ։ 

֊ Երբ մարդիկ բացահայտում են իրենց`ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, մյուսները տեսնում ու հասկանում են, որ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչ կարող է լինել իրենց դասախոսը, հարևանը կամ իրենց կողմից սիրված մեկ այլ անձ: Ֆիլմում ամենալավն այն էր, որ մարդկանց ընտրությունը բազմազան էր, նրանք ունեին տարբեր մասնագիտություններ, տարիք, սեռ, այսինքն` իրենց ինքնությունները տարբեր էին: Ֆիլմում միանգամից տասը մարդիկ պատմում են իրենց պատմությունները՝ կապված իրենց ընտանիքի, մասնագիտական առաջընթացի կամ խոչընդոտների, կյանքում տեղի ունեցած այլ իրադարձությունների մասին: Նրանք բացահայտում են իրենց՝ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, բայց միևնույն ժամանակ ցույց են տալիս, որ իրենց կյանքը ոչնչով չի տարբերվում մյուսների կյանքից։ Նկատի ունեմ՝ ԼԳԲՏԻ մարդ լինելը մարդու կյանքը ոչնչով չի առանձնացնում հասարակության մյուս անդամների կյանքից: Քամինգ աութն ազդեցիկ միջոց է հոմոֆոբիայի դեմ պայքարում, և այդ առումով այս ֆիլմը, համոզված եմ, մեծ ազդեցություն է թողնելու։ 

֊ Մեկ ֆիլմում միանգամից տասը մարդու քամինգ աութը շատ շոկային չէ՞ հայաստանյան հասարակության համար։ 

֊ Ֆիլմի միջոցով միանգամից տասը անձանց քամինգ աութը, կարծում եմ, շատ ճիշտ քայլ էր. երբ մեկ անձ է ազնվանում՝ հասարակական արձագանքը կարող է բազմազան ու հակասական լինել, այդ մեկ անձը նաև հնարավոր է՝ թիրախավորվի։ Տասը հոգու դեպքում պատկերավոր երևում է, որ ԼԳԲՏԻ մարդիկ Հայաստանում քիչ չեն, նրանք կան, նրանք տարբեր ոլորտներում են ու միմյանցից տարբեր են։ 

֊ Ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկից ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրության տապալումից հետո այժմ ի՞նչ է արվում ֆիլմը լայն հանրությանը ներկացնելու համար:

֊ Ֆիլմը բազմաթիվ փառատոնների է մասնակցում, այդ իսկ պատճառով այն այժմ ազատորեն հասանելի չէ։ Մենք շարունակում ենք կազմակերպել փակ ցուցադրություններ, իսկ երբ ֆիլմն ազատորեն հասանելի կլինի, երբ մարդիկ հնարավորություն կունենան առանձին՝ առանց որևէ մեկի կարծիքի ազդեցության տակ ընկնելու նայել ֆիլմը՝ կհասկանան, որ այդ մարդկանց կյանքը նույնպես հետաքրքիր է, կհասկանան, որ չի կարելի նրանց քննադատել միայն նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության համար:

֊ Ի՞նչ փառատոնների է մասնակցում ֆիլմը:

֊ Խոսքը միջազգային փառատոնների մասին է. թե՛ դոկումենտալ ֆիլմերի, թե՛ այլ` ավելի
լայնամասշտաբ ֆիլմերի փառատոնների, ինչպես նաև հայկական փառատոնների ենք ուղարկել. սփյուռքում բավականին հայտնի փառատոններից մեկն «Արփա» միջազգային փառատոնն է, որը մեր ֆիլմն ընդգրկել է ծրագրում, նաև նոմինացրել է դոկումենտալ ֆիլմերի ցանկում: Փառատոնը սկսվում է հոկտեմբերի վերջին և ավարտվում նոյեմբերի սկզբին:

֊ Որքանով տեղյակ եք՝ ֆիլմի հերոսները, հաշվի առնելով ֆիլմի շուրջ աղմուկը, չե՞ն փոշմանել քամինգ աութի համար։

֊ Նրանց մի մասն իրենց շրջապատում արդեն իսկ ազնվացել էր, իսկ մյուսներն էլ, ում մասին ոչ ոք մինչ այդ չգիտեր, իրենց ավելի թեթևացած են զգում, որովհետև այլևս թաքցնելու, խաբելու կարիք չունեն և հասարակությանը ներկայանում են այնպես, ինչպես իրենք կան: Դա առաջին հերթին իրենց հանգստության համար է, և երկրորդը` հասարակության համար, որ մարդուն ընկալեն այնպիսին, ինչպիսին ինքը կա: