Քիչ թե շատ մտածող մարդը չի կարող իրեն հոմոֆոբիա թույլ տալ. իրավապաշտպաններ

Հայաստանում շարունակում են նշել Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այսօր LGBTnews-ը խոսել է հայաստանյան իրավապաշտպանների հետ՝ լսելու նրանց կարծիքը Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների իրավիճակի շուրջ ու նրանց ուղերձն՝ ուղղված հանրությանն ու համայնքին:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում խախտվում են բոլոր խմբերի իրավունքները. «Հայաստանը շատ հեռու է հավասար իրավունքների հաստատումից: Նկատի ունեմ ԼԳԲՏԻ խմբի անդամներին նաև: Խախտվում են Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ այդ խմբի անդամների»:

Իրավապաշտպանը կարծում է, որ բոլորը պետք է համատեղ պայքարեն ստեղծված իրավիճակի դեմ. «Հասարակության բոլոր շերտերը համատեղ պետք է պայքարեն, և ամենակարևորը, որ պայքարողները պետք է պաշտպանեն միմյանց, պաշտպանեն իրենց շահերը, մարդու շահերը պետք է պաշտպանեն»:

Ժաննա Ալեքսանյանը կոչ արեց պայքարել մարդու իրավունքների համար՝ առանց խտրականության, առանց որևէ մեկին առանձնացնելու, որովհետև բոլորի իրավունքները հավասար են:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ մարդկանց սեռական կողնորոշման, քաղաքական, կրոնական կամ որևէ այլ տարբերության հիման վրա  նրանց նկատմամբ ատելությունը, խտրական մոտեցումը, անհանդուրժողականությունը ոչ միայն այդ մարդկանց արժանապատվության նվսատացում և իրավունքի խախտում է, այլև հասարակությունը վարակում է արատներով, ինչն էլ խոչընդոտում է տվյալ հասարակության զարգացմանը:

«Մարդկային հասարակությունը բազմազան է ի ծնե և բազմազանությունը դրա բնական գոյության ձևն է: Սա տարրական ճշմարտություն է, ինչը պետք է բոլորը հասկանան: Իսկ այդ բազմազանության դրսևորման ինչ-որ կոնկրետ ձևի տալ որևէ արտոնյալ վերաբերմունք կամ մեկ այլ ձևին տալ ավելի խոցելի վիճակ՝ շատ պրիմիտիվ «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքի դրսևորումն է, որն ավելի շատ օգտագործում են ավտորիտար, բռնապետական իշխանությունները՝ հասարակության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով»,- ասաց իրավապաշտպանը:

Սաքունցը կոչ արեց մտավորականներին, ստեղծագործողներին օրինակ ծառայել մարդկային դիրքորոշումների ձևավորման հարցում, քանի որ, ըստ նրա, շատ վարքագծի նորմեր պայմանավորված են հասարակությունում հեղինակություն ունեցող անձանց պահվածքից:

«Քիչ թե շատ մտածող մարդը չի կարող իրեն հոմոֆոբիա թույլ տալ»,- ասաց նա:

Իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն էլ քաղաքացիներին հիշեցրեց, որ նրանք պետք է հաշվի առնեն այն փաստը, որ ԼԳԲՏԻ համայնքը հասարակության մասն է. «Սա նշանակում է, որ նրանք պետք է ունենան բոլոր այն իրավունքները, օգտվեն բոլոր այն հնարավորություններից, որոնցից ցանկացած քաղաքացի կարող է օգտվել: Սա մարդու իրավունքների ու արժանապատվության շատ կարևոր խնդիր է»:

ԼԳԲՏԻ համայնքին էլ իրավապաշտպանը կոչ արեց շարունակել պայքարն իրենց իրավունքների համար և փորձել իրենց հայրենքիում իրենց լիարժեք քաղաքացի զգալ: