ՔԿՀ-ներում նույնասեռականներն ամենաստորացուցիչ վիճակում են. Սերգեյ Գաբրիելյան

Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում խտրական են վերաբերվում նույնասեռականներին, որոնց համար կան հատուկ խցեր: Միայն «Կոշ»-ում է, որ նույնասեռականներն ու հետերոսեքսուալները նույն խցերում են: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը:

 

Նույնասեռականներին հանձնարարվում են ամենաստորացուցիչ աշխատանքները, այսինքն՝ զուգարանների, սահնանգույցների մաքրությունը, բոլոր խցերի հատակների, կոշիկների մաքրությունը, աղբը թափելը, նրանց հետ վերաբերվում են անմարդկային ձևով: 

 

Նույնասեռականները չեն կարող օգտվել նույն ճաշարանից, ճաշարանի նույն սպասքից. նրանց համար առանձնացված է հատուկ նշանով սպասք: 

 

Բանախոսը նշեց, որ ՔԿՀ-ներում հնարավոր են սեռական հարաբերությունները նույնասեռականների ու հետերոսեքսուալների միջև, բայց, գողական մտածելակերպից ելնելով, եթե սեռական ակտի ժամանակ հետերոսեքսուալը զբաղեցրել է տղամարդու դերը, ապա ինքը նույնասեռական չէ: 

 

Գաբրիելյանի խոսքով՝ նույնասեռականների համար առանձնացված խուցերն ամենավատ վիճակում են գտնվում: 

 

Հատկանշական է, որ նույնասեռականները բացասական վերաբերմունքի են արժանանում ոչ միայն մյուս կալանավորների, այլ նաև քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից: 

 

«Եթե ուզում ենք մտնել նույնասեռականների խցեր, անձնակազմի աշխատակիցները զգուշացնում են՝ գիտե՞ք, որ այնտեղ նույնասեռականներն են։ Իհարկե, այդ տերմինով չեն կոչում, այլ հասարակության մեջ տարածված վատաբանությամբ։ Նրանց կոչում են վիժվածքներ, պղծվածքներ և մի շարք այլ բառերով, որոնք անբարեկիրթ են և չեմ ուզում հնչեցնել»,- ասաց  Գաբրիելյանը: 

 

Նշվեց, որ նույնասեռականներն իրենք են դիմումներ գրում՝ խնդրելով իրենց տեղափոխել առանձնացված խցեր: Այսինքն՝ մարդը գերադասում է ստորացուցիչ աշխատանքներ իրականացնել, քան խցակիցների կողմից ենթարկվել խտրական վերաբերմունքի, ծեծի, պատժի: