Քրգործ է հարուցվել Երևանում տեղի ունեցած բռնության դեպքի առնչությամբ

Փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը Երևանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծը: Այս մասին LGBTnewsի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ 

Դեպքից հետո մեզ հետ զրույցում Ջանոյանն ասել էր, որ փետրվարի 11-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ «իրեն հետապնդում են»: Հաղորդումից հետո քաղաքացու մատնանշած վայր էր մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը

«Պարզվել է, որ նույն օրը Թումանյան և Կողբացի փողոցների խաչմերուկում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռքերով հարվածել է տվյալ քաղաքացու դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասել էր Ջանոյանը: 

Նշենք, որ քաղաքացին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ահազանգել է այն մասին, որ իրեն ծեծի են ենթարկել։

Օգտատերը, մասնավորապես, գրել է «Ինձ այսօր ԿողբացիԹումանյան փողոցում ծեծել են: 23:50-ի սահմաններում քայլում էի Կարապի Լճի մոտով ու նկատեցի, որ երեք հոգի նայում են վրաս ու հայհոյում են ինձ: Շարունակեցի քայլել ու նկատեցի, որ նրանք ինձ հետապնդում են: Զանգահարեցի ոստիկանություն միանգամից և հաղորդեցի հետապնդման մասին: Նրանք հասան ինձ, կանգնեցրին ու հարցրեցին՝ հա՞յ ես, ապե, ես էլ պատասխանեցի՝ այո, հայ եմ։ Ու միանգամից ինձ սկսեցին ծեծել: Նետեցին փողոց, որտեղ մեքենաներ էին ընթանում, որոնցից մեկն ինձ հայհայա խփում էր: Ու նրանք ինձ բարձր հայհոյում էին, ասում, որ ես հայ կոչվելու իրավունք չունեմ, որ ես տղա չեմ, այլ քուրիկ եմ, սակայն նրանք ինձ չէին էլ ճանաչում ու բոլոր ենթադրություները կազմել էին ուղղակի իմ արտաքինից, որն, ի դեպ, շատ սովորական ա, սակայն, բնականաբար, տարբերվող ու վառ նրանցից: 

էս սաղ էղել ա լուսավոր ժամին ու սա արդեն որերորդ դեպքն ա, որ կատարվում ա իմ հետ, վստահ եմ՝ մարդկանց կողմից ովքեր ինձ չեն տեսել երբեք ու չգիտեն, թե ես ով եմ:

Արդյունքում ջարդել են դիմացիս ատամը, վնասել դեմքս, քիթս ու վերևի շրթունքս:
Ո՞ւր ա իմ անվտանգությունն ու ապահովությունը: Ե՞րբ ա սա ավարտվելու»