Քրեակատարողական հիմնարկներում ամենանվաստացուցիչ համարվոր աշխատանքները դրված են նույնասեռականների վրա. Ռոբերտ Ռևազյան (Aravot.am)

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը այսօր` դեկտեմբերի 22-ին, ներկայացրեց 2013 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում արձանագրված հիմնախնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը, գրում է Aravot.am-ը: 

 

Դիտորդական խմբի անդամ, փորձագետ Ռոբերտ Ռեւազյանը իր խոսքում նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում առկա է մի ենթամշակույթ, որ խցակիցներն ու ադմինիստրացիան բողոքները չեն հարգում: Ըստ նրա` 2013 թվականի ընթացքում բռնությունների ենթարկման շատ քիչ դեպքեր են բացահայտվել. «Խմբի աշխատանքների ընթացքում պարզեցինք, որ մի քանի դատապարտյալներ ենթարկվել են բռնությունների այլ դատապարտյալների կողմից, նրանցից մեկին տարել են քաղաքային հիվանդանոց, որտեղ դատապարտյալը նշել էր, որ ֆուտբոլ խաղալուց է ստացել վնասվածքը եւ բացառում էր այլ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հանգամանքը: Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ անկախ ամեն ինչից հենց միջանձնային խնդիր ունենալու դեպքում պատասխանատուն պետությունն է»:

 

Անդրադառնալով պարտադրված աշխատանքների խնդրին` նա նշեց, որ չնայած պաշտոնապես հերքվում է, որ դատապարտյալները պարտադրված աշխատանք են կատարում, բայց քրեակատարողական հիմնարկներում այդ երեւույթը գոյություն ունի. «ՔԿՀ-ներում ամենանվաստացուցիչ համարվող աշխատանքները դրված են նույնասեռականների վրա որպես պարտադրանք` չգրված օրենքների համաձայն»: