Օմբուդսմենը պաշտպանում է հետադիմությունը՝ հոմոֆոբիկ զեկույցներ հրապարակելով. վերլուծություն

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խորհրդարանում ներկայացնում է «2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որը հիմնականում խիստ քննադատության է արժանանում պատգամավորների կողմից և որում, ի թիվս այլ հարցերի, առկա են ԼԳԲՏ համայնքին վերաբերող հատվածներ:

 

LGBTnews.am-ի խմբագրակազմը ներկայացնում է օմբուդսմենի զեկույցի վերոնշյալ հատվածի քանակական և որակական իր վերլուծությունը:

 

Քանակական

 

Ընդհանուր առմամբ 443 էջից բաղկացած զեկույցում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հատվածները հանրագումարում մոտ մեկուկես էջ են կազմում: Այսպես, օրինակ, զեկույցի «Խտրականություն և հանդուրժողականություն» հատվածում, որն ընդհանուր առմամբ 4,5 էջ ծավալ ունի, ԼԳԲՏ անձանց վերաբերյալ անդրադարձը տասը տող կամ երկու փոքր պարբերություն է:

 

Նույն ծավալով անդրադարձ կա նաև Երևանի քաղաքապետարանի գործունեության ընդհանուր վերլուծությունում:
Մի երկու տող անդրադարձ էլ կա Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի հատվածում:

 

Օմբուդսմենի գրասենյակը, այսպիսով, հսկայածավալ տարեկան զեկույցում երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին մեկուկես էջից ավել գրելու կա՛մ անհրաժեշտություն չի տեսել, կա՛մ էլ ուղղակի տեղյակ չի եղել և չի ուսումնասիրել դաշտը, այսինքն՝ բացարձակ ոչ կոմպետենտություն է դրսևորել:

 

Որակական

 

Զեկույցի «Խտրականություն և հանդուրժողականություն» հատվածում ԼԳԲՏ համայնքին վերաբերող տասը տողից ուղիղ կեսը օմբուդսմենը նվիրել է նույն այդ համայնքի որոշ ներկայացուցիչներին բացասական գնահատական տալուն, իսկ Երևանի քաղաքապետարանի գործունեության ընդհանուր վերլուծությունում ԼԳԲՏ համայնքին անդրադարձն ամբողջությամբ և միմիայն նույն՝ Կոմայգու խնդրին է նվիրված, կրկին համայնքի որոշ ներկայացուցիչների վերաբերյալ բացասական գնահատականներով:

 

Այսպես, զեկույցի այդ հատվածներից պարզվում է, որ Կոմայգում «պոռնկությամբ զբաղվող մի շարք տրանսգենդեր անձինք» իրենց գործողություններով ոչ միայն վտանգել են հասարակության բարոյականությունը, այլև «բնակչության մոտ ծնում են հոմոֆոբիա»:

 

Օմբուդսմենի գրասենյակում, փաստորեն, հասարակության բարոյականության մասին ձևավորված յուրօրինակ պատկերացումներից զատ համոզմունք կա, որ բնակչության մոտ հոմոֆոբիան ծնվում է Կոմայգում «պոռնկությամբ զբաղվող մի շարք տրանսգենդեր անձանց» գործողությունների, այլ ոչ թե, ասենք, հեռավոր անցյալից ժառանգված կարծրատիպային պատկերացումներից ու այդ պատկերացումները պատշպանող և սնող՝ քաղաքական, հասարակական և այլ դաշտերում ակտիվ գործող անձանց կողմից հնչեցվող ատելության խոսքից ու խտրականության քարոզից: Օմբուդսմենն, այսպիսով, իբրև երկրում առկա հոմոֆոբիան ծնող ու սնող հիմնական պատճառ է արձանագրում Կոմայգում տրանսգենդեր անձանց գործողությունները: Նրանք եթե չլինեին, երկրում էլ որտեղի՞ց հոմոֆոբիա կլիներ: Հիրավի, փայլուն տրամաբանություն:

 

Իրականում ՀԱԵ-ի հիշատակմամբ հետադիմական ուժերի հարձակումներից պաշտպանվող օմբուդսմենի մտքով ավելի հնարամիտ գաղափար չի ծագել, քան ընդգծված տրանսֆոբիա դրսևորելով՝ երկրում առկա ԼԳԲՏ համայնքի ծանր վիճակի պատասխանատվությունը Կոմայգու տրանսգենդերների վրա բարդելը: Կարեն Անդրեասյանը դեռ նախատում է Երևանի քաղաքապետարանին, որ վերջինս անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել Կոմայգում «այլասերվածության կանխման» ուղղությամբ:

 

Փոխանակ օմբուդսմենը հանդես գա ողջ հանրապետությունում ԼԳԲՏ համայնքի միակ հանրային վայրի պաշտպանության դիրքերից, որն, ի դեպ, արդեն 2014-ին նույն պաշտպանի գործուն ջանքերով այլևս գոյություն չունի, ինչի հետևանքով կարելի է խոսել երկրում մի ամբողջ ենթամշակույթի ոչնչացման մասին, փոխանակ խոսի նույն տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարման մասին, հանդես գա առաջադիմական դիրքերից՝ խոսելով ազատականության ջատագով երկրների օրինակով Հայաստանում մարմնավաճառությունն օրինականացնելու անհրաժեշտության մասին, 443 էջանոց զեկույցում ԼԳԲՏ անձանց անդրադառնում է մեկուկես էջի սահմաններում, այն էլ՝ նման խայտառակ բովանդակությամբ:

 

Եվ պատահական չէ, որ նույն զեկույցում առկա տեղեկության համաձայն՝ ողջ 2013-ի ընթացքում ՄԻՊ գրասենյակ բողոք է ներկայացրել ԼԳԲՏ համայնքի ընդամենը մեկ ներկայացուցիչ: Օմբուդսմենի գործունեության ավելի լավ գնահատական ու ցուցիչ այն բանի, թե որքանով է ԼԳԲՏ համայնքը վստահում ՄԻՊ ինստիտուտին, դժվար է պատկերացնել: