Օմբուդսմենի տարեկան զեկույցում անդրադարձ կա նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդրին

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան՝ «2014-ի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում անդրադարձ կա երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդրին:

 

 

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը արձանագրել է, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության, ինչպես նաև շարունակվում է ատելության քարոզումը նրանց դեմ: 

 

Հասարակության մեջ վերջիններիս նկատմամբ անհանդուրժողականության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ: Այսպես, 2014 թվականին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվողների 88%-ը կարծում է, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները պետք է սահմանափակվեն: Միաժամանակ, 2015 թվականին ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խումբը Հայաստանին հանձնարարել է սեռական փոքրամասնություններին խտրականությունից արդյունավետ օրենսդրական և գործնական պաշտպանության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

 

Մի շարք իրավապաշտպաններ արձանագրել են սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի, իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝ ֆիզիկական բռնության կիրառման, վերջիններիս բողոքներին իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքման1233 և մի շարք այլ դեպքեր: Բացի դրանից՝ իրավապաշտպանների տեղեկացմամբ՝ չեն նվազել սեռական փոքրամասնությունների նկատմամբ ատելության կոչերը մամուլում:

 

Ինչպես նաև, սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորումներ հաճախ հանդիպում են զբաղվածության, առողջապահության, կրթության ոլորտներում: Այսպես, իրավապաշտպանների տեղեկացմամբ, առանձին դեպքերում, երբ գործատուն իմացել է իր աշխատակցի սեռական կողմնորոշման մասին, հեռացրել է նրան աշխատանքից՝ վկայակոչելով լիովին այլ հանգամանքներ: Արդյունքում տվյալ անձինք ստիպված են եղել աշխատանք փնտրել այնպիսի ոլորտներում, որտեղ վերաբերմունքը իրենց նկատմամբ ավելի հանդուրժողական է, օրինակ՝ սննդի սպասարկման, վարսահարդարման, ծաղիկների ձևավորման և այլ ոլորտներում:

 

Միաժամանակ, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները խտրականության են ենթարկվում նաև առողջապահական ծառայություններ ստանալիս:

 

Իրավապաշտպանները հաղորդել են, որ մի շարք դեպքերում անձանց չեն տրամադրել բժշկական ծառայություններ` վերջիններիս սեռական կողմնորոշման պատճառով:

 

Վերջիններիս նկատմամբ խտրականության, անհանդուրժողականության դրսևորումներ են հանդիպել նաև կրթության ոլորտում, որտեղ (հիմնականում դպրոցներում) հանդիպում են նաև անձանց նկատմամբ հոգեկան և էմոցիոնալ հետապնդման (bullying) դեպքեր:

 

ՔԿՀ-ներում առավել խոցելի իրավիճակում են միասեռականները, որոնք հաճախ կատարում են ՔԿՀ-ներում ամենանվաստացուցիչ աշխատանքները (օրինակ՝ կոյուղի մաքրելը), բնակվում են մյուս դատապարտյալներից մեկուսացված, նրանց հետ ոչ ոք չի շփվում, սպասքն ու իրերն առանձնացված են»,- ասված է ՄԻՊ տարեկան զեկույցում: