Օմբուդսմենն ակնհայտորեն չի ցանկանում զբաղվել ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդրով

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է «2014 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը, որի «Խտրականության դրսևորումներ» հատվածում անդրադարձ կա նաև երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդրին:

 

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես LGBTnews.am-ը ներկայացնում է օբուդսմենի զեկույցի քանակական ու որակական վերլուծությունը: Մենք նաև զուգահեռներ կանցկացնենք նախորդ և այս նոր զեկույցի՝ ԼԳԲՏ անձանց իրավունքներին վերաբերող հատվածների միջև:

 

Քանակական

 

Ընդհանուր առմամբ 510 էջից բաղկացած զեկույցում ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ հիշատակում կա միայն զեկույցի «Խտրականության դրսևորումներ» հատվածում, որի ծավալը կազմում է ընդամենը մեկ էջ:
Երկրում ամենախոցելի խմբերից մեկի (եթե ոչ՝ ամենախոցելի խմբի) իրավունքների վիճակի վերաբերյալ օմբուդսմենն, այսպիսով, մեկ էջից ավել գրելու բան չի ունեցել:

 

Որակական

 

Զեկույցի այդ մեկ էջում օմբուդսմենն ընդամենը սահմանափակվել է հայաստանյան իրավապաշտպանների հաղորդումների, տեղական մի երկու հասարակական կազմակերպության, Human Rights Watch-ի, Amnesty International-ի զեկույցներից հատվածների մեջբերումով ու դրանց հղումներով ու նաև ՄԱԿ-ի հանձնարարականների հիշատակումով, այն էլ՝ ընտրովի:

 

Սեփական գործունեության որևէ հիշատակում այդ մեկ էջում գոյություն չունի: Օմբուդսմենի գրասենյակն, այսպիսով, առնվազն ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցում վերածվել է տարբեր կազմակերպությունների զեկույցների մոնիտորինգով ու այդ զեկույցներից copy-paste-ով զբաղվող մի մարմնի, և ուրիշ ոչինչ: Էլ չխոսած այն մասին, որ մոնիտորինգն էլ անորակ է ու խնդրի վերաբերյալ հրապարակված ոչ բոլոր զեկույցներն ու հետազոտություններն են հիշատակված:

 

Հայաստանի հարկատուները ՄԻՊ գրասենյակը պահում են՝ օմբուդսմենի տարեկան զեկույցում առկա ծաղկաքաղի միջոցով պարզելու համար, թե որ կազմակերպությունն այս կամ այն խմբի իրավունքների վիճակի վերաբերյալ ի՞նչ է պարզել: Փաստորեն, եթե հասարակական կազմակերպությունները, միջազգային իրավապաշտպանները Հայաստանում, ասենք, ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին ողջ տարվա ընթացքում ոչինչ չգրեն, օմբուդսմենի հաջորդ տարեկան զեկույցում այդ խնդրին անդրադարձ չի՞ լինելու:

 

Վկայությունը նրա, որ մարդու իրավունքների պաշտպանը չի ցանկանում զբաղվել երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդիրներով և այդ անձանց պաշտպանությամբ, այն փաստն է, որ զեկույցում զետեղված տեղեկության համաձայն՝ 01.01.2014-31.12.2014 ժամանակահատվածում ոչ մի ԼԳԲՏ անձ չի դիմել օմբուդսմենի գրասենյակ (2013-ին գոնե մեկ անձ դիմել էր): Այսինքն՝ ոչինչ չի էլ արվում՝ ԼԳԲՏ անձանց շրջանում վստահություն ձեռք բերելու համար: 

 

Զեկույցում ոչ մի հիշատակում չկա նախորդ տարի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստի մասնակցությամբ պայմանավորված՝ Հայաստանում հոմոֆոբիայի ու ատելության խոսքի ալիքի (ինչի վերաբերյալ, ի դեպ, «Նոր սերունդ» հ/կ-ն հետազոտություն է անցկացրել ու զեկույց հրապարակել), դրան հետևած՝ «Իրավունք» թերթում բացահայտ խտրական հոդվածների շարքի ու դրան հետևած մի քանի դատական գործընթացի (16 քաղաքացիներն ընդդեմ «Իրավունքի», 3 քաղաքացիներն ընդդեմ «Իրավունքի», «Նոր սերունդ» հ/կ-ն ընդդեմ «Իրավունքի»), այդ դատական գործընթացների ընթացքի վերաբերյալ, այնինչ անգամ ԵԽԽՎ մի շարք պատվիրակներ, տեղական ու միջազգային իրավապաշտպան հ/կ-ներ են անդրադարձել այդ խնդրին: 

 

Այնուամենայնիվ, մեկ բարի լուր. Պաշտպանի նախորդ զեկույցի համեմատությամբ այս նոր զեկույցում չկան բացահայտ հոմոֆոբ մտքեր (ինչպիսի՜ առաջընթաց): Հիշեցնենք, որ նախորդ տարի ՄԻՊ-ը զեկույցում գանգատվել էր, թե Երևանի քաղաքապետարանի ու ոստիկանության անգործության հետևանքով Կոմայգում «մի շարք տրանսգենդեր անձիք պարբերաբար զբաղվել են պոռնկությամբ», ինչը վտանգում է «հասարակության առողջությունն ու բարոյականությունը»: Այս տարի օմբուդսմենը Կոմայգու հարցին չի անդրադարձել՝ հավանաբար լուծված համարելով պետության ու ազգի առաջ ծառացած այդ աշխարհացունց «գերխնդիրը»…