Օտարերկրյա դեսպանություններն իրենց համերաշխությունն են հայտնում ԼԳԲՏԻ համայնքին

Հայաստանում Արգենտինայի դեսպանություն

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի, բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը բարձրացրել է ԼԳԲՏԻ դրոշը։

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը Facebook սոցցանցի իր էջում նույնպես անդրադարձել է միջազգային այս օրվան։

«Այսօր՝ մայիսի 17-ին նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Դաշնային կառավարությունն իր հետևողական ջանքերն է ներդնում ընդդեմ աշխարհում ԼԳԲԹԻ անձանց դեմ խտրականության: «Մարդու իրավունքները ներառում են սեռական ազատ կողմնորոշման իրավունքը: Գերմանիայում լեսբուհիների, միասեռականների, երկսեռականների, տրանսսեռականների և ինտերսեռականների (ԼԳԲԹԻ) իրավահավասարության երկար և դժվարին գործընթաց է տեղի ունեցել: Ոչ միայն իրավականորեն է ապահովվել այս իրավահավասարությունը, այլ այն նաև հարստացրել է մեր հասարակությունը: Իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում հանդուրժողականությանն ու խտրականության բացառմանը»,- նշում է դեսպան Քիսլերն այս առիթով: 

Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նախօրեին հյուրընկալել է ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով Հայաստանի ԼԳԲՏԻ համայնքին։