2017-ի ձեռքբերումներից էր երկու նոր տրանս կազմակերպության հիմնադրումը․ Արման Սահակյան

2017-ի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ԼԳԲՏԻ համայնքի ներսում ավելի շատ է բարձրաձայնվել ամենախոցելի խմբի` տրանսգենդեր անձանց խնդիրների մասին։ Այդ մասին LGBTnews-ի հետ զրույցում ասաց «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արման Սահակյանը:

«Տրանսգենդեր մարդիկ խտրականության են ենթարկվում ոչ միայն հասարակության տարբեր շերտերի, այլ նաև հենց համայնքի ներկայացուցիչների կողմից: 2017-ի ձեռքբերումներից մեկն այն էր, որ հիմնադրվեց ևս երկու տրանս կազմակերպություն`«Հանուն հզոր ապագայի»-ն  և “Colorful house”-ը»,- նշեց Արման Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ թեև 2017-ի ընթացքում ԼԳԲՏԻ անձանց վերաբերող ու բարձրաձայնված որևէ խնդիր 100 %-ով լուծում չի ստացել, ամեն դեպքում կարևոր է ինքնին այն հանգամանքը, որ այդ հիմնախնդիրների մասին խոսվել է:

«Դրական մոտեցումներ կան նաև պետական կառույցների ներկայացուցիչների կողմից, ովքեր լսել, տեղեկացել են հիմնախնդրի մասին, և եթե մինչ այս պետական կառույցների կողմից մերժողականություն կար և նրանք առաջնորդվում էին այն սկզբունքով, որ ԼԳԲՏԻ համայնք առհասարակ գոյություն չունի, իսկ տրանս մարդիկ մեկն են կամ երկուսը, ապա այժմ պետական կառույցներին ևս տեղեկացվեց և իրենք ևս համոզվեցին, որ կա տրանս համայնք, որն ունի իր առանձնահատուկ խնդիրները, որոնց լուծման համար պետական միջամտությունը շատ կարևոր է, և դա բխում է մարդու հիմնարար իրավունքներից»,- նշեց Արման Սահակյանը:

Սահակյանը հատկանշական է համարում այն, որ համայնքի հիմնախնդիրներին ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել այնպիսի կազմակերպություններ ու այլ ակտիվ քաղաքացիներ, որոնք երբևէ չեն մտածել, թե կխոսեն այս խնդիրների մասին:

«2017-ին հայտնվեցին շատ համախոհներ, ովքեր քաջ գտնվեցին և այդ խնդիրների մասին խոսեցին»,- նշեց Արման Սահակյանը:

Անդրադառնալով համայնքի խնդիրներին՝ Սահակյանը փաստեց, որ առ այսօր դեռևս չկա հակախտրական օրենք, որն, ըստ նրա, ոչ միայն ԼԳԲՏԻ, այլ նաև խտրականության ենթարկվող այն անձանց իրավունքների պաշտպանության առումով կարևոր է: Սահակյանն ակնկալում է, որ 2018-ին այս օրենքը կընդունվի:

Մեր զրուցակցի երկրորդ ակնկալիքն այն է, որ պետության ռազմավարական ծրագրերում, որոնք առնչվում են ՄԻԱՎ-ի կանխարգելմանը, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ և տրանսգենդեր մարդիկ ճանաչվեն որպես խոցելի խմբեր, և համայնքին առնչվող խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելիս նրանց ներկայությունը պարտադիր լինի, որ նրանք խոսեն համայնքի անունից:

«Մենք շարունակելու ենք խոցելի խմբերի հզորացմանն ուղղված քայլերը, քանի որ շատ կարևոր ենք համարում, որ համայնքի ներկայացուցիչներն առաջնագծում պայքարողի դերում լինեն. տեսանելիության բարձրացման տեսանկյունից դա շատ կարևոր է»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են նաև աշխատանքը պետական կառույցների հետ:

«Կրթելու ենք պետական կառույցների ներկայացուցիչներին՝ տեղեկություններ տրամադրելով սեռականության և ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության կարևորության մասին, շարունակելու ենք ծրագրերը, որոնք վերաբերում են համայնքի անդամների առողջական ոլորտին»,- նշեց Արման Սահակյանը: