2017-ն աննախադեպ է եղել է կարծիքի արտահայտման սահմանափակումների առումով. Pink Armenia

2017 թվականի ընթացքում Pink Armenia հասարակական կազմակերպությունը սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումների 30 դեպք է արձանագրել: Կազմակերպությունն այսօր ամփոփեց 2017 թվականի ընթացքում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակն ու այս ոլորտում արձանագրված խնդիրները:

Ըստ հասարակական կազմակերպության կողմից ներկայացված զեկույցի՝ 2017-ին անգամ կյանքի իրավունքի խախտման դեպք է արձանագրվել:

Խոսքը Ռուսաստանի քաղաքացի Զուրաբ Նեմսաձեի ինքնասպանության մասին է: ՀԿ-ի աշխատակից Լուիզա Վարդանյանը հիշեցրեց, որ Նեմսաձեի մարմինը հայտնաբերվել էր Երևանի հյուրանոցներից մեկում: Վերջինիս զուգընկերոջ ծնողները, ըստ PINKզեկույցի, բռնություն են կիրառել իրենց որդու նկատմամբ և ստիպել Նեմսաձեի դեմ ցուցմունքներ տալ, նրան մեղադրել այնպիսի արարքների կատարման մեջ, որպիսիք ինքը չի արել: Զուգընկերը ծնողների ճնշմամբ զուգընկերը Նեմսաձեի դեմ ցուցմունքներ է տվել, իսկ Նեմսաձեն ինքնասպանություն է գործել:

Ըստ կազմակերպության տվյալների՝ գրանցվել են տրանսգենդեր կանանց դանակահարելու, նվաստացուցիչ վերաբերմունքի, սեռական կողմնորոշման հիմքով անձանց աշխատանքից հեռացնելու և մի շարք այլ դեպքեր:

2017-ն աննախադեպ է եղել է հատկապես կարծիքի արտահայտման սահմանափակումների առումով:

Հասարակական կազմակերպության աշխատակից Հովհաննես Իշխանյանը թվարկեց այն խնդիրները, որոնց բախվել են անձինք, ովքեր կարծիք են արտահայտել ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ:

2017-ին, օրինակ, «Ոսկե ծիրան» մրցույթից մի ամբողջ ծրագիր է հանվել միայն այն պատճառով, որ դրանում ներառված է եղել ԼԳԲՏ թեմային առնչվող երկու ֆիլմ:

Ըստ PINK-ի՝ կարծիքի ազատությունը սահմանափակել են նաև Երևանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունը: Այս առնչությամբ այժմ դատարաններում երկու գործ կա: Կազմապերպությունը երկու դատական հայց է ներկայացրել քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության դեմ:

Նշենք, որ խոսքն այն մասին է, որ ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները ապամոնաժվել են Քաղաքապետարանի պահանջով, իսկ մշակույթի նախարարւթյունը դրանք սոցիալական գովազդ չի ճանաչել:

Սրան զուգահեռ՝ հակաքարոզչություն է տարվել ԼԳԲՏ անձանց նկատմամբ:

Հովհանես Իշխանյանը հիշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի արտահայտած հետևյալ միտքը.

«Կարող է՝ մարդիկ լինեն, ովքեր որոշեն գոմաղբ ուտել ու սկսեն շարժումներ: Օրինակ՝ գոմաղբ ուտողների միություն ստեղծենփողոց դուրս գան, գնան դպրոցներ ու ասեն՝ ճիշտն այսպես է և փորձեն քարոզ անել»: Այս արտահայտությունը Զոհրաբյանը հնչեցրել էր ԼԳԲՏ թեմայով տրված հարցին ի պատասխան:

Միջոցառման բանախոս, PINK-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեց թեմային առնչվող ներպետական օրենսդրությունն ու միջազգային կառույցների կողմից տրված հանձնարարականները: Հանդիպման մասնակիցներից մեկը հետաքրքվեց, թե արդոք իշխանափոխությունից հետո ԼԳԲՏ ոլորտում ինչ-որ բան փոխվել է: Ի պատասխան Հասմիկ Պետրոսյանը հիշեց իշխանափոխությունից հետո հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ու Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հանդիպումը: Վերջինս, խոսելով այն մասին, որ Հավասարության մասին օրենքի նախագծում սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը նշված չեն որպես խտրականությանից զերծ մնալու հիմքեր, ասել է, թե եթե ՀԿ-ները ցանկանում են խտրականության դեմ օրենք ունենալ, ապա այն պիտի ունենա ներկայիս տեսքը, որում այդ հիմքերը նշված չեն, հակառակ դեպքում Ազգային ժողովն այն չի ընդունի:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ադամ Սթեֆանն, ով հույս հայտնեց, որ հանդիպումն ու դրա ընթացքում բարձրացված խնդիրները նպաստելու են ԼԳԲՏ խնդիրների արդյունավետ լուծմանը: