Լյուքսեմբուրգի վարչապետն ամուսնու հետ պաշտոնական այցով Վատիկան է ժամանել

Լյուքսեմբուրգի վարչապետ Խավյե Բեթելն ու իր ամուսինը պաշտոնական այցով ժամանել են Վատիկան: Գեյ զույգին Վատիկանում դիմավորել են ամուսնական զույգերի ընդունելության արարողակարգին համապատասխան: 

Հյուրերին ողջունել է էմերիտ-պապ Բենեդիկտոս XVI-ի անձնական քարտուղար, արքեպիսկոպոս Գեորգ Հանսվեյնը: Խավյե Բեթելն ու իր ամուսինը՝ Գոտյե Դենսթեյը միացել են եվրոպական մյուս պետությունների ղեկավարներին՝ տոնելու Եվրոպական տնտեսական միության հիմքերը դրած Հռոմի պայմանագրի 60-ամյակը:

Ավելի ուշ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն անձամբ է հանդիպել պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի վարչապետի հետ:

«Մեզ համար մեծ պատիվ էր հրավեր ստանալ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լյուքսեմբուրգի վարչապետը:

Հիշեցնենք, որ 2015-ին Հռոմի Պապը հրաժարվել էր ընդունել Ֆրանսիայի դեսպանին՝ ենթադրաբար վերջինիս սեռական կողմնորոշման պատճառով: