Apple-ի տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ ինքը գեյ է և հպարտ է դրանով

Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը պատմել է իր՝ նույնասեռ լինելու մասին, գրում է Lenta.ru-ն:

 

Հոդվածում, որը հրապարակել է Bloomberg Businessweek պարբերականը, Քուքն ասել է. «Մինչև այժմ ես հրապարակային չէի խոսում իմ կողմնորոշման մասին և չէի մենկաբանում դրա մասին լուրերը: Մինչև այս օրը: Սակայն այժմ ես ցանկանում եմ պարզություն մտցնել. ես հպարտ եմ, որ գեյ եմ և դա համարում եմ Աստծուց ստացած ամենամեծ պարգևներից մեկը»:

 

Քուքը նշել է, որ երբեք չի թաքցրել իր սեռական կողմնորոշումը, սակայն փորձել է անձնական կյանքի գաղտնիության հիմնական մակարդակը պահել: Քուքը հայտարարել է, որ իրեն ակտիվիստ չի համարում, սակայն հուսով է, որ իր քամինգ-աութն այլ մարդկանց կօգնի սեռական կողնորոշման խտրականության դեմ պայքարելու համար:

 

Apple-ի ղեկավարը հայտնել է, որ իր շատ գործընկերներ իմացել են, որ ինքը գեյ է, և դա ոչ մի կերպ չի անդրադարձել իրենց հարաբերությունների վրա: Քուքի կարծիքով՝ վերջին տասնամյակներում աշխարհը շատ է փոխվել և ավելի հանդուրժող դարձել, սակայն դեռևս շատ են երկրները, որտեղ մարդկանց աշխատանքից հեռացնում են միայն նրանց սեռական կողմնորոշան համար:

 

«Եթե լուրը, որ Apple-ի տնօրենը գեյ է, որևէ մեկին կօգնի իրեն հավասար զգալ, ապա ես պատրաստ եմ զոհել իմ անձնական կյանքի գաղտնիությունը»,- ասել է Թիմ Քուքը:

 

Այժմ նույնասեռ ամուսնություններն օրինականացված են ԱՄՆ 50 նահանգներից 32-ում:

 

Թիմ Քուքը Apple-ում աշխատանքի է անցել 1998-ին: 2011-ին՝ Սթիվ Ջոբսի հեռանալուց հետո, Քուքը զբաղեցրել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

 

*քամինգ-աութ – սեռական կողնորոշման մասին հրապարակային և ինքնակամ խոստովանություն