Big-Big Bazar 2017-ը կրկին կօգնի անօթևան մնացած ԼԳԲՏԻ մարդկանց

Ամանորյա հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ, ամենատարբեր ժանրերի գրքեր, սպասք, հագուստ ու այն ամենն, ինչ կարելի է գտնել ամանորյա տոնավաճառներում՝ շաբաթ օրը հնարավոր էր ձեռք բերել նաև Big-Big Bazar 2017- ում՝ միաժամանակ օգնելով լուծել անօթևան մնացած ԼԳԲՏԻ անձանց ապաստարանի խնդիրը:

Big-Big Bazar-ն այս տարի արդեն երկրորդ անգամ կազմակերպել է «ԼԳԲՏԻ ապաստարանի նախաձեռնությունը»: Նախաձեռնության անդամ ու միջոցառման կազմակերպիչ Րիմ Սարդարյանը LGBTnews-ին պատմեց, որ բազարի միտքն առաջացել է անցյալ տարի ամռանը. «LԳԲՏԻ ապաստարանի նախաձեռնության անդամներով մտածում էինք` ինչ միջոցառում կարելի է կազմակերպել, որ կարողանանք գումար հավաքել այն մարդկանց համար, ովքեր իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով մնում են անօթևան: Մտածեցինք, որ բոլորս մեր տներում ունենք իրեր, որոնք չենք օգտագործում, սակայն ափսոսում ենք դեն նետել, որոշեցինք բոլոր այդ ապրանքները հավաքել, կազմակերպել բազար, որի ընթացքում կվաճառենք դրանք ու ողջ հասույթը կուղղվի այն մարդկանց կարիքներին, ովքեր մնացել են առանց ապաստարանի»:

Րիմը պատմեց, որ անցյալ տարվա բազարից գոյացած գումարով ժամանակավոր օթևանով, սնունդով ու այլ անհրաժեշտ իրերով է ապահովվել 30-40 ԼԳԲՏԻ անձ:

Ելնելով անվտանգության խնդիրներից՝ տոնավաճառին մասնակցում են հիմնականում ԼԳԲՏԻ համայնքի անդամներ և համախոհներ:

«Քանի որ անվտանգության խնդիր կա, չենք կարող հանրային անել ու ավելի շատ մարդկանց հրավիրել: Շատ կուզեինք, իհարկե, ինչոր հանրային վայրում անել, հանրայնացել միջոցառումը, ավելի շատ այցելուներ կունենայինք, ովքեր կգային ու կմասնակցեին բազարին, բայց այս պահին դրությամբ այդ հնարավորությունը չունենք»,- նշեց Րիմը:

Ովքեր չեն հասցրել մասնակցել Big-Big Bazar-ին՝ կարող են չվաճառված իրերը գնել օնլայն: