Facebook-ը ներողություն է խնդրել ԼԳԲՏ հանրույթից

Facebook սոցիալական ցանցը հրապարակավ ներողություն է խնդրել օգտատերերի իրական անունները պահանջելու իր քաղաքականության համար, ինչի պատճառով ԼԳԲՏ հասարակության որոշ հայտնի ներկայացուցիչներ չեն կարողացել մուտք գործել սոցցանցի իրենց հաշիվներ: Ներողության տեքստը ողջ ընկերության անունից Facebook-ի իր էջում տեղադրել է թոփ մենեջեր Քրիս Քոքսը, գրում է GayRussia.Ru-ն: 

 

ԱՄՆ-ում ԼԳԲՏ մի շարք հայտնի ակտիվիստներ վերջին երկու ամիսների ընթացքում զրկվել էին իրենց Facebook-ի հաշիվներ մտնելու հնարավորությունից, քանի որ իրենց իրական անունների փոխարեն օգտագործում էին մականուններ, հիմնականում՝ բեմական: Դա ԶԼՄ-ներում և բլոգոլորտում դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել:

 

Այդ ամենի հետևանք է դարձել այն, որ Facebook-ի հայտնի օգտատերերից մեկը դիմել էր տեխնիկական աջակցման կենտրոն՝ հայտնելով ԼԳԲՏ հարյուրավոր Facebook հաշիվների մասին՝ նշելով, որ դրանք կեղծ են, քանի որ նշված չեն նրանց իրական անունները: Նրա խոսքով, սոցցանցը հարյուր հազարավոր նման բողոքներ է ստանում, և նման հաշիվների մեծ մասն օգտագործվում են Facebook-ում անօրինական գործունեություն ծավալելու համար:  

 

Նման դեպքերում Facebook-ը խնդրում է տվյալ օգտատերերին իրենց անունը հաստատելու համար ցանկացած փաստաթուղթ ներկայացնել: Ըստ սոցցանցի ղեկավարության, Facebook-ն այսկերպ է վարվում արդեն 10 տարուց ավելի, և մինչև այժմ այս քաղաքականությունն իրեն արդարացրել է:

 

Միևնույն ժամանակ Քրիս Քոքսը նշել է, որ այդ քաղաքականությունը մշակման կարիք ունի:

 

«Ես ուզում եմ ներողություն խնդրել ԼԳԲՏ հանրույթի անդամներից այն դժվարությունների համար, որոնց նրանք բախվել են Facebook-ում վերջին երկու շաբաթների ընթացքում»,- գրել է Քոքսը:

 

Նշենք, որ Facebook-ն առաջին անգամը չէ, որ հրապարակայնորեն պաշտպանում է ԼԳԲՏ ակտիվիստներին. անցյալ տարվա հուլիսին Ցուկերբերգը Սան-Ֆրանցիսկոյում մասնակցել է գեյ շքերթին՝ գլխավորելով ընկերության շարքը: