LGBTnews-ը վերսկսում է աշխատանքները. նամակ ընթերցողին

Հարգելի՛ ընթերցող,

LGBTnews.am-ը կրկին հասանելի է. 2014-ի սեպտեմբերին հիմնադրված և ուղիղ մեկ տարի Նորվեգիայի կառավարության աջակցությամբ գործած էլեկտրոնային տեղեկատվական այս կայքը հետագայում աշխատում էր խմբագրակազմի անդամների կամավորությամբ:

Լրատվամիջոցի գործունեության ողջ ընթացքում կայքը բազմաթիվ անգամ ենթարկվել է հաքերային հարձակումների և երբեմն հասանելի չի եղել ընթերցողին, բայց առաջին մեկ տարվա ընթացքում մասնագետ ունենալու շնորհիվ մեզ հաջողվում էր արագ վերականգնել այն:

2016-ի կեսերին, երբ խմբագրակազմն արդեն աշխատում էր կամավորության սկզբունքներով ու ռեսուրսների բացակայության պատճառով չուներ տեխնիկական անվտանգության մասնագետ, կայքը կրկին մի քանի անգամ ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով լրատվամիջոցի հասանելիությունից զատ էական վնաս էր հասցվել թե՛ կայքի արխիվին, թե՛ տեխնիկական այլ պարամետրերին:

Այս ընթացքում թվով 11 ծրագրավորող հրաժարվել է աշխատել կայքը վերականգնելու ուղղությամբ, թեև խմբագրակազմի անդամներն իրենց անձնական միջոցներից պատրաստ են եղել վճարել անհրաժեշտ գումարը: Մասնագետները տարբեր պատրվակներով հրաժարվել են նախնական պայմանավորվածությունից ու աշխատելուց, երբ տեղեկացել են կայքի անվան և ուղղվածության մասին:

Այնուամենայնիվ, այժմ ուրախությամբ հայտնում ենք, որ մեզ հաջողվել է գտնել ողջախոհ և պրոֆեսիոնալ մասնագետների, որոնք տևական աշխատանքից հետո վերականգնել են LGBTnews-ի արխիվը և հասանելի դարձրել կայքն ընթերցողի համար: Այսպիսով, մենք հնարավորություն ունենք շարունակելու մեր գործունեությունը և հրապարակելու նոր նյութեր:

Իրավապահ մարմիններին հիշեցնում ենք, որ կիբերհարձակումներն ու դրանց հետևանքով օնլայն ռեսուրսների վնասումը հանցագործություն է և հորդորում ենք այսուհետ կատարել օրենսդրությամբ ամրագրված իրենց գործառույթները, այն է՝ նման գործողությունների կանխարգելումը, ինչպես նաև բացահայտումը:

Կայքի այժմյան դիզայնը ժամանակավոր է. առաջիկայում LGBTnews-ը հասանելի կլինի նոր, ընթերցողի համար շատ ավելի հարմար տեսքով:

Տեղեկատվական կայքն ունի նաև նոր գործընկեր. առաջիկայում մենք աշխատելու ենք ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Հուսով ենք, որ մեր գործընկերների թիվն ու աշխարհագրությունը հընթացս կավելանա, քանի որ համոզված ենք՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները մարդու անքակտելի իրավունք դիտարկող տեղական և միջազգային դաշնակիցների հետ հաղորդակցությունը երկուստեք կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը և կնպաստի դրված ընդհանուր նպատակների կյանքի կոչմանն ավելի արագ: Համոզված ենք, որ նման համագործակցությունը կնպաստի Հայաստանի ժողովրդավարացմանը, իրավահավասար, ինքնիշխան և բազմազան հասարակության կայացմանը:

Ինչպես նախկինում, այսուհետ նույնպես LGBTnews-ն առաջնորդվելու է լրագրողական էթիկայի և ստանդարտների՝ միջազգայնորեն ընդունված սկզբունքներով, արժեքներով և կանոններով, որոնք ամրագրվել են 1983-ին Պրահայում և Փարիզում կայացած՝ միջազգային լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ: Մենք շարունակելու ենք զարգացնել լրատվամիջոցի ձեռքբերումներն՝ օգտագործելով նաև միջազգային և տեղական նոր կապերն ու համագործակցության հարթակները:

Շնորհակալ ենք ընթերցողներին՝ սոցիալական ցանցերում կայքի նյութերը տարածելու, ակտիվ արձագանքելու, քաջալերելու և մեր գործունեությունը ողջունելու համար: Խմբագրակազմը կշարունակի անել առավելագույնն՝ ընթերցողների բարձր վստահությունը պահպանելու և  հաղորդակցությունն ամրապնդելու ուղղությամբ: 

Առաջարկների, առարկությունների, դիտողությունների դեպքում, ինչպես նաև համագործակցության համար լրատվամիջոցի աշխատակազմի հետ կապ կարելի է հաստատել lgbtnewsarmenia@gmail.com էլեկտրոնային հասցեով:

LGBTnews-ի խմբագրակազմ