“Moonlight”-ը կինոյի բացառիկ նմուշներից է. կինոգետ

Օրեր առաջ տեղի ունեցած Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագուն ֆիլմ է ճանաչվել 38-ամյա ռեժիսոր Բարի Ջենքինսի ՛՛Moonlight՛՛ («Լուսնի լույս») ֆիլմը:

Ֆիլմում ներկայացված է Մայամիի արվարձաններից մեկում բնակվող սևական նույնասեռական տղայի պատմությունը:

LGBTnews.am-ը ֆիլմի մասին զրուցել է կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի հետ:

Կինոգետը նշում է, որ “Moonlight”-ը մեր տարածաշրջանում և ընդհանրապես մեր երկրի բնակչության մեծամասնությանը հատուկ պահպանողական մտածողություն ունեցող երկրներում ամենալուսանցքում թողնված ֆիլմերից է. «Քանի որ ֆիլմը գեյ դրամա է՝ բնական է, որ պահպանողական երկրների հասարակություններում այդ թեման դեռևս շարունակում են դուրս թողնել՝ գոյություն ունեցող խնդիրների շարքից դա բացառելով, դուրս են հանում կամ ծաղրի են ենթարկում այն: Իսկ ցանկացած այլ հասարակություն, որը վաղուց հաղթահարել է իր բոլոր տեսակի մտքային ճգնաժամները, ավելի բաց է այս ֆիլմի առաջ»: 

Կինոգետը նշում է, որ «Օսկար»-ը, ինչպես յուրաքանչյուր մրցանակաբաշխություն կամ փառատոն, ունի նաև քաղաքական ենթատեքստ և, բնականաբար, ինչ-որ չափով հետապնդում է և ունի իրեն հատուկ քաղաքականություն: 

«Այդ մրցանակաբաշխությունը կարծես կվինտէսենցիան լինի տարվա ընթացքում տեղի ունեցած կամ այսօրվա մեր իրականությունում կարևորություն ունեցող խնդիրների. այդ խնդիրների արծարծման և այդ խնդիրների լուծման ճանապարհները ներկայացնող կամ գուցե եթե ոչ ներկայացնող, ապա դրանց որևէ կերպ անդրադարձող ֆիլմերի հավաքումն է «Օսկար»-ը: Միայն լավ ֆիլմ ստեղծելը դեռևս չափանիշ չէ «Օսկար»-ում հայտնվելու և առավել ևս դրա համար մրցանակ ստանալու»:

՛՛Moonlight՛՛-ն, ըստ կինոգետի, «Օսկար»-ի արժանացել է ո՛չ միայն այն պատճառով, որ գեյ դրամա է ու պատմում է սևականների սիրային պատմության մասին:

«Այդ թեման ամերիկյան արվեստում և առավել ևս «Օսկար»-ում շատ վաղուց հաղթահարված խնդիր է, և միայն դրա համար ֆիլմին «Օսկար» չէին տա: Այդ ֆիլմն անձի, անհատի փնտրտուքի, ինքնաորոնման ճանապարհի խնդրի մասին է, որը շատ նուրբ հարց է ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում: Գոյություն ունեցող տարբեր տեսակի ճգնաժամերի, տարբեր տեսակի հոգեբանական ճնշումների, սոցիալ-տնտեսաական իրավիճակների, պատերազմների ֆոնին անհատի՝ ինքը դեպի իրեն վերադառնալու ճանապարհը գնալով ավելի բարդ ու առանձնակի կարևորության խնդիր է դառնում: Իսկ այս ֆիլմում այդ լուծումը շատ նուրբ, շատ գրագետ է տրված՝ արվեստի մակարդակով լուծված է խնդիրը և բնավ շեշտը դրված չէ այն բանի վրա, որ գործող կերպարն ունի սեռական տվյալ կողմնորոշումը: 

Դա մեկ այլ խնդրի բարձրաձայնման համար է արվում. սցենարիստի որոշումը, որ կերպարը պետք է լինի ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչ, միմիայն ցույց տալու համար է, որ դեռևս դպրոցական տարիքից սկսած՝ նոր գիտակցության, նոր բանականության և բանական աշխարհ մտնելու շեմին գտնվող տարիքում արդեն իսկ խտրականությունը, նմանը նմանին չհանդուրժելու խնդիրը դեռևս առկա է երեխաների շրջանում, ինչը հետևանք է ընտանիքներում, հասարակություններում տիրող բարքերի: Այդ բարքերի հետևանքով բռնության մշակույթը ձևավորվում է մանկության տարիներից, արդեն դպրոցական տարիքում երեխաները սովոր չեն ընկալել իրենցից տարբերին և հակված են ճնշել այդ տարբերին:

Դրանով է պայմանավորված, որ ֆիլմի երկրորդ հատվածում մենք այդ հալածված տղային տեսնում ենք նաև ուրիշ կարգավիճակում. մանկության ընթացքում ձևավորված կոմպլեքսները ստիպում են նրան գնալ մի ճանապարհով, որ մենք հետո նրան տեսնում ենք արդեն իշխողի, ճնշողի կարգավիճակում: Դա փայլուն դրամատուրգիական լուծում է, որը 38-ամյա երիտասարդ ռեժիսորն ուղղակի փայլուն է արել: Այդ իմաստով ինձ համար սա կինոյի բացառիկ նմուշներից մեկն է»,- նշում է Րաֆֆի Մովսիսյանը: