Pink Armenia-ն իշխանություններին կոչ է արել հարգել ԼԳԲՏ մարդկանց իրավունքները

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ն «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում ՀՀ նախագահին, Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները և զերծ մնալ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում:

 

Պաշտոնյաներին ուղղված նամակում նշված է, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, եկեղեցի, օրինապահ մարմիններ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, առողջապահական ու կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ:

 

ՓԻՆՔ Արմենիան պետական այրերին կոչ է արել`

 

· Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։

 

· Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։

 

 

ՀՀ նախագահին հասցեագրված նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել են չպարգևատրել պետական նշանակության մրցանակներով այն անձանց և կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս բացահայտ ատելության կոչերով` թիրախավորելով ՀՀ ԼԳԲՏ քաղաքացիներին և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց:

 

Պատգամավորներին ուղարկված նամակում նաև կոչ է արված ՀՀ ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ:

 

Կառավարությունից ակնկալվում է նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության կանխարգելման ու արգելմանը վերաբերող Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքում կատարված առաջարկությունների ընդունումն ու իրականացումը:
ՓԻՆՔ Արմենիան պաշտոնյաներին բացիկներ է նվիրել, որտեղ գրված են բռնության և խտրականության ենթարկված ԼԳԲՏ մարդկանց անձնական պատմությունները: