Pink Armenia-ն նամակներ է հղել պետական կառույցներին

Այսօր՝ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։

Ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։

Այս առիթով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ն (Փինք Արմենիա) նամակներ է ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական դատարանին, դատախազությանը և ոստիկանությանը։

Նամակներում տեղեկություն է տրամադրված Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակի մասին, ներկայացված են հետազտություններից տվյալներ և համապատասխան գերատեսչություններին արված են համապատասխան առաջարկություններ։

Մասնավորապես, ՀՀ նախագահին առաջարկվել է՝

  • Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։ 
  • Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։

Վերը նշված առաջարկություններն ուղղվել է բոլոր գերատեսչություններին։

Վարչապետի դեպքում նաև առաջարկվել է՝

  • իրականացնել ՀՀ կողմից ստանձնած միջազգային կոնվենցիոն պարտականությունները, մարդու իրավունքների կոնվենցիոն և այլ մարմինների, ներառյալ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի, Մարդու իրավունքների կոմիտեի, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բոլոր առաջարկությունները, որոնք առնչվում են ԼԳԲՏ իրավունքների իրացման ապահովմանը։

Ոստիկանությանն ու դատախազությանը՝

  • Իրավապահ գործունեություն իրականացնելիս ընդունել խտրականության բացառման սկզբունքը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման հիմնարար կանոն:

Նույն սկզբունքը առաջարկվել է հաշվի առնել նաև պատգամավորներին ՝ օրենքներ և այլ իրավական ակտեր ընդունելիս, իսկՍահմանադրական դատարանին՝ գործեր քննելիս և իրավական ակտերի սահմանադրականության հարցը որոշելիս։

Կրթության և գիտության նախարարությանը՝

  • ՀՀ-ում խթանել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և  միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմների ստեղծումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝

  • ՀՀ-ում ստեղծել սոցիալական ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:

Առողջապահության նախարարությանը՝

  • ՀՀ-ում ստեղծել առողջապահության ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ: 

Նույնասեռականությունը դադարեց համարվել հոգեկան խանգարում, երբ 1990թ․ մայիսի 17-ին հրապարակվեց  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման հերթական համարը։

Դրանից 15 տարի անց 24 հազար հոգու և մի շարք միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ օրն ընտրվեց աշխարհում նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը։

2009թ․ արշավի անվանը ավելացվեց նաև տրանսֆոբիան, իսկ 2015թ՝ բիֆոբիան։

Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։

Օրվա նպատակն է աշխարհում ուշադրություն հրավիրել նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություններին, ճնշումներին ու խտրականությանը։ 

Ուղարկված նամակների ամբողջական տեքստերին կարող եք ծանոթանալ ստորև առկա հղումներով: