Starbucks-ը կհոգա տրանսգենդեր աշխատակիցների սեռափոխման բոլոր վիրահատությունների ծախսերը

Starbucks-ը հայտարարել է իր տրանսգենդեր աշխատակիցների համար համապարփակ խնամքի ծրագիր սկսելու մասին, որը կընդգրկի այնպիսի բաղադրիչներ, որոնք սովորաբար դուրս են մնում բժշկական ապահովագրության փաթեթներից, գրում է Pinknews-ը:
 
Նոր ծրագրի շրջանակներում Starbucks-ը հայտարարել է՝ բացի սեռական օրգանների վիրահատությունից, իրենք կհոգան նաև անձի սեռափոխման համար անհրաժեշտ այլ բժշկական գործընթացների ծախսերը: Սա կփոխհատուցի նաև այն բժշկական միջամտությունների ծախսերը, որոնք նախկինում համարվում էին կոսմետիկ և որոնք հաճախ դժվարությամբ էր հաջողվում անցկացնել, քանի որ բժշկական ապահովագրողները հրաժարվում են դրանք ներառել ապահովագրության մեջ:
 

Սուրճի միջազգային ցանցն այժմ նաև կհոգա կրծքերի հեռացման կամ մեծացման, մազերի հեռացման կամ փոխպատվաստման և դեմքի կանացիացման վիրահատությունների ծախսերը:

Բացի սեռափոխման վիրահատությունների ծախսերը հոգալուց, սուրճի ցանցը տրանս աշխատակիցներին կօգնի նաև գտնել համապատասխան բժիշկների ու բուժաշխատողների:

Starbucks-ը սեռական օրգանների վիրահատության ծախսերը սկսել է հոգալ 2012 թվականից սկսած՝ դառնալով ԱՄՆ-ում առաջին ազգային գործատուներից մեկը, որը փոխհատուցում է իր աշխատակիցների սեռափոխման ծախսերը:

Չնայած շատ գործատուներ այժմ հոգում են սեռական օրգանների փոփոխության վիրահատության ծախսերը՝ շատ տրանս մարդիկ ընդգծել են համապարփակ բժշկական ծառայությունների ծախսերը հոգալու անհրաժեշության մասին:

Տրանսերի իրավուքների պաշտպաններն ընդգծել են, որ սեռափոխությունը հաճախ ներկայացվում է որպես մեկ վիրահատություն ընդգրկող ընթացակարգ, երբ այն իրականում ներառում է բազմաթիվ գործընթացներ, որոնք տարիներ են պահանջում:

Starbucks-ի՝ նպաստների գծով փոխնախագահ Ռոն Քրոֆորդը նշել է, որ նոր ծրագիրը կլինի ամբողջապես ներառական:

«Այս մոտեցումն արդյունք էր ոչ միայն ընկերության ցանկության՝ ապահովելու ծախսերի իրական ամբողջական փոխհատուցում, այլև տրանսգենդեր գործընկերների հետ քննարկումների, թե ինչպես այս առավելությունները թույլ կտան նրանց լինել այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան»,- նշել է նա: